Ճարտարապետ Ս․ Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ՝ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը․ Ճարտարապետի թոռը՝ Ավինյանին
Հասարակություն
20:32 05/12/2025
Հայաստան

Ճարտարապետ Ս․ Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ՝ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը․ Ճարտարապետի թոռը՝ Ավինյանին

Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի թոռնուհին՝ Մարիամ Գուրզադյանը, արձագանքելով Տիգրան Ավինյանի «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագրի մասին գրառմանը, գրում է․

«Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ, որ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը այս հարցի վերաբերյալ։ Մենք պնդել ենք և շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։

Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող ա որևէ կշիռ ունենալ։

Ու հա, փառք Աստծո, որ պապիկս էս ամեն ինչը չի տեսնում»։

Նշենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն  այսօր լուսանկարներ է հրապարակել Կասկադի տարածից՝ կից գրելով․

«Մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։ Այդ ժամանակ շատերը անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։ Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։ Կասկադի գործընթացի մեկնարկը փաստացի փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։ Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։

Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին մասնակցության, խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder