Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։
«Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք»,- հայտնեց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից որոշման հրապարակումից հետո Արսեն Բաբայանը լրագրողներին ասաց. «Որևէ մեկը կա՞ր, որ դեռևս երեկ չգիտեր, որ երկամսյա կալանքը լինելու է։ Բոլորս գիտեինք, ուղղակի եկել էինք արարողակարգային պրոցեսին մասնակցել»։
Նա նշեց, որ դատավորը որևէ կերպ չհիմնավորեց Սրբազանին կալանավորելու որոշումը։
«Միայն ասաց՝ բավարարել երկու ամիս կալանք, այլ բան չկա։ Որոշումը դեռ չենք ստացել։ Բնականաբար, կբողոքարկենք։ Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ է, առողջությունը շատ լավ է։ Ասաց այն, ինչ-որ միշտ՝ բոլորս էլ գիտենք՝ ինչ է լինելու, էս է էս իշխանությունը, էս է էս դատարանն ու էս դատավորը։
Դեռ երեկ բոլորս գիտեինք, որ սա ուղիղ հրահանգ է Նիկոլ Փաշինյանից ու դա լինելու է։ Սրա դեմն առնելու միակ ձևն իշխանափոխությունն է, ուրիշ ձև չկա»,- ասաց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, որ Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա, տարբեր անձինք են կասկած հայտնել, ենթադրել են. «Որևէ հիմնավորում, տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը կատարել է ենթադրյալ հանցանք, չկա, կա ենթադրություն հենված ինչ-որ տվյալների վրա, որոնք ինքնին արդեն նորմալ տվյալներ չեն։ Դատարանում հաստատվեց, որ չկա որևէ տվյալ, որ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, այլ կա ընդամենը ենթադրություն»։