Երևանի մի կարևոր հուշարձանի վերջն է դրվում․ Փանոսյանը՝ Կասկադի վերակառուցման մասին
Մշակույթ
15:34 06/12/2025
Հայաստան

Երևանի մի կարևոր հուշարձանի վերջն է դրվում․ Փանոսյանը՝ Կասկադի վերակառուցման մասին

 «Սպասելի էր, որ արագացնելու են աշխատանքները։ Այս ընթացքում  մեր փորձը ցույց տվեց ՝ որքան  ակտիվ ենք պայքարում, այդքան արագ են գործում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց   «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը՝ անդրադառնալով «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացին, որի մեկնարկի մասին երեկ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փանոսյանի դիտարկմամբ՝  աշխատանքների մեկնարկը տրվել են՝ առանց անցնելու ընդունված ընթացակարգը։

«Փաստն այն է, որ իրենք սկսում են նախագիծը և արդեն իրենց ո՛չ ամոթանք տալը, ո՛չ հորդորելը, ո՛չ խնդրելը, ոչ մի բան, կարծես թե, իմաստ չունի։ Ցավոք, Երևանի մի կարևոր  հուշարձանի վերջն է դրվում, որովհետև բազմիցս այս մասին խոսել ենք՝ այն  հայ ազգի ամբողջ պատմության, մշակույթի  արտացոլումն է մեկ  հուշարձանի մեջ՝ սիմվոլների տեսքով, Արարատին նայող, փռված գորգի գաղափարն է կորում, կորում է այն հանրային նշանակության ազատ զբոսանքի գոտին, որն ի սկզբանե նախատեսված է եղել Թորոսյան,  Գուրզադյան և Մխիթարյան ճարտարապետների կողմից։ Հիմա  Կասկադի և՛ գաղափարախոսությունը, և՛ նպատակը, և՛ էսթետիկ նշանակությունը ամբողջությամբ կորում է գրողի ծոցը»,- նշեց Փանոսյանը։

Ըստ նրա՝ որքան էլ փորձել են գեղեցիկ ներկայացնել ծրագիրը, բայց հմուտ աչքը տեսնում է՝  խախտվելու է համալիրի ներդաշնակությունը։

«Մենք այդ նախշուն, քարակերտ գորգի վերևում տեսնում ենք, որ պետք է անեն ինչ-որ այլանդակ քարային  շերտեր, որոնք, բնականաբար,  խախտելու են ոչ միայն համալիրի, այլև վերևի հուշարձանի հետ կապը և ընդհանրապես Երևանի հյուսիսային ճառագայթի գաղափարը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ  «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնության անդամները, որոնց կազմում են ճարտարապետներ, լրագրողներ, զբոսավարներ և այլ հանրային գործիչներ, ամիսներ շարունակ  պայքարում էին այս նախագծի դեմ՝ մանրամասն ներկայացնելով, թե որքանով է այն բուն նախգծից շեղվել և ինչ են ունենալու վերջնարդյունքում։

 «Ամիսներ շարունակ այս մասին խոսել, մեկնաբանել, բացատրել ենք, այնքան եմ ցավում, որ հասարակության մեջ մի ահռելի զանգված, ուղղակի, անգիտության պատճառով, ասում է՝ «հրաշալի», «ինչ լավ է», «ուրախ ենք» և այլն, չպատկերացնելով  դրա անդառնալի  հետևանքները։ Բացի դրանից, նաև ռազմավարական խնդիր եմ տեսնում՝ ազգային   սիմվոլներից կազմված արժեքի ոչնչացնմանը միտված»,- հավելեց նա։  

Այսուհանդերձ, Կարինե Փանոսյանը նշեց, որ կշարունակեն պայքարել։

«Մեզ համար անակնկալ էր, որ այսքան արագ ամեն ինչ կլինի։ Բնականաբար, չենք հանձնվի, կփորձենք մտածել՝ ինչ անել, ուղղակի, դեռ շոկային վիճակում ենք։ Կքննարկենք, բնականաբար, ու կմտածենք՝ ինչպես վարվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder