Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վեց ամիս գործելուց հետո փակվեց ReOpen Media-ն կամ «Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակը։
«Էս ձևաչափով եթերում այլևս չենք լինելու։ ReOpen-ն արդեն պատմություն է։ Մենք գնում ենք մեկ այլ ֆորմատով Համահայկական լրատվական գործակալության գաղափարը ապրեցնելու»,- գրել է ReOpen Media-ի տնօրեն, քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Դավիթ Գրիգորյանը։
Իսկ ReOpen Media-ի գործունեության ամփոփմանն նվիրված տեսանյութում Դավիթ Գրիգորյանն ասում է. «Քննարկում են, հատուկ հովանավորներ են փնտրում, թաքնված խաղեր են ցանկանում վերագրել, անհավատալի կապեր են հյուսում։ Բայց նման նախագծերը կարող են կայանալ բացառապես գաղափարական, անկախ հիմքով։
2,5 տարի համառորեն գնալով նպատակին՝ վերջում հասա այն կետին, որտեղ հանդիպեցի մեր նախագծի մեկենասին։ Հիմա կասեք՝ անունն ասա։ Չեմ տալու։ Կան մարդիկ, որոնք կիսատ գործ են անում, իրենց անունը ոսկե տառերով գրում են ամեն պատահած պատի վրա, իսկ կան մարդիկ, որոնք լավագույնն անելիս լռում են՝ վստահ լինելով, որ լավն անելիս ծափահարությունների կարիք չունեն։ Նման համախոհին հանդիպելը ինձ համար մեծագույն ձեռքբերում էր, քանի որ չկար որևէ քաղաքական հիմք ու նպատակ։ Մեր ճանապարհները խաչվեցին, ու մենք պայմանավորվեցինք ապացուցել ինքներս մեզ, որ հնարավոր է ստեղծել բազմալեզու լրատվական գործակալություն։ Այդ համախոհությունը ձևավորեց այս կառույցը։ Անուններ չեմ հնչեցնում»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Panorama.am-ը գրել էր՝ ReOpen Media-ի կամ «Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ հիմնադրամի հետ առնչություն ունեցած ցանկացած մարդ կփաստի, որ այդ կառույցների ֆինանսավորումն իրականացվում է այդ թվում և հիմնականում Evocabank-ի սեփականատիրոջ՝ Վազգեն Սենիկի Գևորգյանի կողմից։ Panorama.am-ը դիմել էր բանկին՝ հարցնելով, թե ի՞նչ պատճառներով է որոշվել փակել ընկերությունն ու դադարեցնել լրատվամիջոցի գործունեությունը։ Ի պատասխան բանկից հայտնել էին. «Տեղեկացնում ենք, որ Evocabank-ը ReOpen Media–ի հետ որևէ կապ, որևէ առնչություն չունի, հետևաբար, որևէ հարցի պատասխանել չի կարող։ Ըստ այդմ` տվյալ մեդիայի հետ փոխկապակցվածության մասին ևս խոսք լինել չի կարող։ ReOpen Media-ին վերաբերող բոլոր հարցերով խնդրում ենք դիմել իրենց համապատասխան բաժնին»։
Ըստ մեր տեղեկությունների՝ ReOpen Media-ի լրատվական գործունեության դադարեցման պատճառներն ունեն քաղաքական ենթատեքստ։