102, 911, 101 հեռախոսահամարների փոխարեն առաջարկվում արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը
Հասարակություն
14:35 11/12/2025
Հայաստան

102, 911, 101 հեռախոսահամարների փոխարեն առաջարկվում արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը

«Անհրաժեշտ է ձևավորել ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ ահազանգերի մասով արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի և արդյունավետ համակարգ»,- այդ մասին կառավարության նիստում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Դրա համատեքստում, ըստ փոխնախարարի, առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ, որը միաժամանակ կապահովի արձագանքման ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը։

Մկրտչյանի ներկայացմամբ՝ օպերատիվ կառավարման գրասենյակի հիմնական գործառույթները կլինեն օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում՝ ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, արձագանքող ուժերին կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը, արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ տեղեկությունների մասնագիտական վերլուծության իրականացումը, որը ճգնաժամային կառավարման համար պետք է ապահովի անհրաժեշտ տեղակատվական բազա և օգտագործվի հետագա կանխարգելիչ միջոցառումների համար:

Գրասենյակի ստեղծումից հետո նախագծով առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը՝ դրանց տեխնիկական համակարգերն փոխանցելով նոր գրասենյակին:

«Ոստիկանության և ՓԾ-ի ահազանգերի հեռախոսահամարների՝ 102-ի, 911-ի, 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է...102, 911, 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին: Համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից»,- հայտնեց մկրտչյանը:

Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծման երկրորդ փուլով աշխատանքներ կիրականացվեն շտապ բուժօգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս սպասարկման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
102, 911, 101 հեռախոսահամարների փոխարեն առաջարկվում արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը