Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սա շատ վտանգավոր է, Ադրբեջանը միջազգային ատյաններում հղում կանի Փաշինյանին. Էլինար Վարդանյան
Դեկտեմբերի 10-ին Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց. «Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ՝ Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ»։ Պարզելու համար, թե հայաստանցիների և արցախցիների համար անվտանգային ինչ ռիսկեր է պարունակում այս հայտարարությունը՝ Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին։
«Այս իշխանությունները պարբերաբար հայտարարում էին, որ «արևմտյան ադրբեջանի» թեմա չկա և մենք գնում ենք խաղաղության՝ լուծելով մեր մեջ առկա բոլոր անհամաձայնությունները, բայց հասկացանք, որ չէ, այնուամենայնիվ, «արևմտյան ադրբեջանի» պահանջ կա և Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։
Համեմատականներ անցկացնել «արևմտյան ադրբեջանի»՝ հետևաբար 300 հազար ադրբեջանցիների բնակեցման և Արցախի մեր հայրենակիցների էթնիկ զտման միջև՝ ես կարծում եմ, որ բարոյականության որևէ նորմերի մեջ չի տեղավորվում, եթե չփորձենք բերել նաև իրավական և քաղաքական դաշտ, որովհետև այս առումով ստացվում է, որ մի կողմից դու համաձայնում ես, որ այնուամենայնիվ 300 հազար ադրբեջանցիների բնակեցման թեման կա և մյուս կողմից էլ փորձում ես դրա դիմաց ինչ-որ գործարքներ առաջարկել։
Սա Փաշինյանի հերթական քայլն է ընդհանրապես փակել արցախցիների և Արցախի հարցը, ինչի հետ արցախցի մեր հայրենակիցները համաձայն չեն։
Փաշինյանը չէ, որ որոշելու է արցախցիների վերադարձի հարց կա , թե ոչ։
Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանում ադրբեջանցիների պահանջին զուգահեռ բարձրացվեր Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի հարցը և այս պարագայում փորձել գնալ որոշակի գործարքի և փորձել բանակցել որոշակի պայմանավորվածության շուրջ։
Բայց Փաշինյանը հրաժարվում է այն մտքից, իրողությունից, որ տեղի է ունեցել Ադրբեջանում այսօրվա ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա փոխարեն առաջարկում է բոլորովին այլ բան՝ մոռանալ Արցախը, մոռանալ արցախցիների վերադարձի հարցը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այն Ադրբեջանի համար հիմք է ստեղծելու ընդհանրապես միջազգային ատյաններում հղում անել Նիկոլ Փաշինյանի խոսքերին»,- ասաց Էլինար Վարդանյանը։