«Ժողովուրդ». Սոթք հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել
Օրվա մամուլ
08:48 12/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սոթք հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել: Մենք դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչ գործընթացներ են ընթանում:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթքի փակ հանքում սկսել են սահմանազատում իրականացնել: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ, արդյոք սահմանազատման աշխատանքնե՞ր են այժմ իրականացվում:

-Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից:

-Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի և հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում:

-Ո՛չ, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

-Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում:

-Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder