Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի նպատակն է ամերիկյան ընկերություններին վերադարձնել նավթարդյունահանող ենթակառուցվածքները, վերահսկել արտադրությունը․ Փորձագետ
Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական և ռազմական իրադարձությունները միջազգային նավթի շուկան կրկին ենթարկեցին անորոշության։ ԱՄՆ զինված գործողությունները, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը և Վենեսուելայի որոշ ռազմավարական օբյեկտների ներխուժումը, նոր էջ բացեցին երկրում լարվածության ակտիվացման մեջ և առաջացրին հարցեր նավթի արտահանման, ներդրումների և գների վրա ազդեցության վերաբերյալ։
Միջազգայնագետ, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը նշում է, որ Վենեսուելան, չնայած իր խոշոր նավթային պաշարներին՝ մոտ 300 միլիարդ բարել, արդյունահանմամբ շատ հեռու է Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համեմատությունից։
«Վենեսուելական նավթը տեխնիկապես թանկ է արտադրելու համար, քանի որ այն լեռնային երկիր է և խորության վրա է գտնվում։ Բացի այդ, ներկայիս նավթի գներն արդեն ավելի քան երկու անգամ ցածր են եղել նախորդ տարիների համեմատ՝ 60–65 դոլար մեկ բարելի դիմաց, մինչդեռ երկու-երեք տարի առաջ այն գերազանցել է 120 դոլարը։ Արդյունքում՝ Վենեսուելան ստիպված է եղել զգալիորեն կրճատել արտադրությունը», – ասաց Մանվելյանը Panorama.am-ի հետ զրույցում։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրությունը Վենեսուելայում հիմնականում կապված է նավթի վերահսկման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է ամերիկյան ընկերություններին վերադարձնել նավթարդյունահանող ենթակառուցվածքները, վերահսկել արտադրությունը և նվազեցնել ԱՄՆ կախվածությունը Մերձավոր Արևելքից ու Իրանից։
«Թրամփի մոտեցումն ուղղված է նրան, որ նավթի ցածր գները սահմանափակեն նրա հիմնական մրցակիցների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի ազդեցությունը, և ապահովեն ամերիկյան շուկայի կայունություն։ Թրամփը ուզում է, որ նավթի գները միշտ ցածր մնան։ Վենեսուելան ինչ ազդեցություն կունենա նավթի գների վրա. գոնե առաջիկա մի շաբաթն է անհրաժեշտ, որ պարզվեն զարգացումները», – նշեց փորձագետը։
Պատասխանելով հարցին, թե որքանով կարող են ներդրումները արդյունավետ լինել այս պայմաններում, և ինչ ռիսկեր կարող են առաջանալ ընկերությունների համար, մասնագետը նշեց, որ Վենեսուելայում մեծ ներդրումներ ունեն Չինաստանը և Ռուսաստանը (Ռուսաստանը՝ 20 միլիարդ դոլար, Չինաստանը՝ մի քանի անգամ ավելի), և եթե ամերիկյան վերահսկողությունը հաստատվի, նախկին ներդրումները դառնում են ռիսկային այլ երկրների համար:
Մանվելյանի խոսքով՝ նման անկայունության պայմաններում առաջին հերթին տուժում են արտահանող երկրները, իսկ ներմուծողներն էլ կարճաժամկետով կարող են օգտվել ցածր գներից, քանի որ դա վերածվում է ավելի էժան բենզինի և նավթամթերքների։
«Միջազգային ֆինանսական համակարգի վրա նույնպես կա ազդեցություն։ Արևմտյան ֆինանսական համակարգերը, հատկապես ԱՄՆ դոլարն ու Եվրամիությունը, չեն կարող լիարժեք կայուն մնալ այս անկայունության ֆոնին։ Այս հանգամանքները ստիպում են ստեղծել այլընտրանքային վարկային և վճարային մեխանիզմներ, որոնք զերծ կլինեն արևմտյան մոնոպոլիզացված համակարգերից», – եզրափակեց փորձագետը։