Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակամարտող թե՛ կառավարական, թե՛ քրդական ուժերի կողմից Հալեպի հայկական համայնքի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք չկա. Արա Պողոսյան
Սիրիայի Հալեպ քաղաքում մի քանի օր է բախումներ են տեղի ունենում կառավարական և քրդական ուժերի միջև։ Այս իրավիճակում ինչ վտանգներ կան տեղի մեծաթիվ հայկական համայնքի համար։ Սիրիայի երկրորդ քաղաքում տիրող իրավիճակի մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
Ա. Պողոսյան-«Սիրիական դեմոկրատական ուժերի» և այս պահին արդեն իշխանություն դարձած նախկին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորությամբ իշխանությունների միջև դեռ նախորդ տարվանից կար պայմանավորվածություններ, որոնք հովանավորվում էին Միացյալ Նահանգների կողմից և հատկապես պարտադրվում էին Թուրքիայից, որպեսզի «Սիրիայի դեմոկարատական ուժերը», որոնք քրդական ուժեր են, միաձուլվեն պետական կազմավորումների մեջ և իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը, որը քրդերը նաև անվանում են «Արևմտյան Քուրդիստան», անցնի սիրական կառավարության ուժերի ամբողջական վերահսկողության ներքո։
Քրդական ուժերի առաջնորդների, մասնավորապես՝ Մազլում Քոբանիի գլխավորած ուժերի և սիրիացիների միջև կա բավականին լուրջ հակասություններ, ըստ որոնց՝ քրդերը պահանջում են և ակնկալում են երկրի ֆեդերալիզացիա, այսինքն քրդական տարածնքերի ինքնավարություն և սիրիական նավթի մեջ քրդական մասնաբաժնի անջատում։ Այսինքը՝ քրդերն ուզում են, որ իրենց մասնաբաժինը տրվի իրենց։
Այստեղ կան բավականին լուրջ հակասություններ և այդ հակասությունները սրվում են նաև Թուրքիայի կողմից։ Վերջինս ակնկալում է, որ Սիրիայի ֆեդերալիզացիա տեղի չի ունենա, քրդերը ինքնավարություն չեն ստանա և քրդական զինված ստորաբաժանումները ուղղակիորեն կդառնան սիրիական բանակի մաս, իսկ վերջինս էլ գրեթե ամբողջությամբ գտնվում է թուրքական հրահանգիչների վերահսկողության ներքո։ Թուրքերի կենսական շահն է իրենց հարավային սահմանների մոտ վերացնել քրդական գործոնը։
Դեռ այն ժամանակ ես կանխատեսում էի, որ հնարավոր չի լինի հեշտությամբ այստեղ հասնել երկխոսության և խնդրի հանգուցալուծման, ավելին՝ կարծում եմ, որ Սիրիայում դեռևս երկար ժամանակ խաղաղություն չի լինի։
Panorama.am-Ինչո՞ւ է այսօր լարվել իրավիճակը հենց հայաշատ Հալեպում։
Ա. Պողոսյան-Քանի որ Հալեպը ևս հոծ քրդական բնակչություն ունի և հատկապես Շախմաքսուդ և Աշռաֆիե շրջանները հիմնականում քրդաբնակ են։ Սիրիական իշխանությունները պատկերացնում են, որ գոնե այս տարածքներում թույլ չտան որպեսզի որևէ քրդական վերահսկողություն լինի։ Հալեպը դամասկոսից հետո Սիրիայի երկրորդ քաղան է, այն ռազմավարական նշանակություն ունի և սա է պատճառներից մեկը, որ սիրիական ներկա կառավարական ուժերը փորձում են Հալեպը հնարավորինս «ազատագրել» քրդական գործոնից։ Քրդերի համար էլ այն չափազանց կարևոր շրջան է և կարծում եմ, որ վերջիններս ևս կպայքարեն շրջանի համար։
Panorama.am-Արդեն տեղեկատվություն կա, որ հալեպի հայ համայնքում չեղարկվել են Սուրբ Ծննդի տոնական միջոցառումները։ Ինչ ռիսկեր կան հայկական համայնքի համար։
Ա.Պողոսյան-Այստեղ, ի ուրախություն մեզ, թե՛ կառավարական ուժերի, թե՛ քրդական ուժերի կողմից հայկական համայնքի նկատմամբ, ընդգծված բացասական վերաբերմունք չկա, ինչը թույլ է տալիս հույս ունենալ, որ հայկական համայնքն առնվազը վնասներ չի կրի։ Որքանով տեղյակ եմ, ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին դպրոցները դադարեցրել են աշխատանքները, և այնտեղ բավականին ծանր կացություն է։