Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը. Արձագանքներ՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի՝ 3 ամսով կալանքի որոշմանը
Իրավունք
17:09 09/01/2026
Հայաստան

Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը. Արձագանքներ՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի՝ 3 ամսով կալանքի որոշմանը

Հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքում են «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը 3 ամսով երկարացնելու դատարանի որոշմանը.

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Նարեկի և Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ։

Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։

Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականացված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-յի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։

Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։

Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։

Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարն երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլեւ մարմնով»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Դատարանի դահլիճում հետևում էի Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության դատալսմանը։ Մի քանի ժամ շարունակ փաստաբաններ Արսեն Բաբայանը, Ռուբեն Մելիքյանը, նաև՝ տղերքը ուղղակի փշրեցին դատախազի թույլիկ փաստարկները։

Թվում էր, որ այլևս ոչինչ չէր կարող հիմք դառնալ նրանց կալանքը երկարաձգելուն։

Դեռ չեմ խոսում խայտառակ քրգործի մասին։

Թվում էր, թե... բայց միայն թվում էր։ Հայաստանում վաղուց այլևս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են։

Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը։ Ցինիկությունը սահմաններ չունի։

Տոկունություն տղերքին։ Ու ուժ անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին...»։

 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղաքական պատվերներ կատարող դատական համակարգը սահմանում է նոր ռեկորդներ՝ Նարեկի և Վազգենի կալանքը 3 ամսով երկարացվեց..

Նարեկ Սամսոնյանը սկսեց անժամկետ հացադուլ:

Գիտեմ, որ Նարեկն ուժեղ է, բայց ուզում եմ խնդրել իմ ընկեր Նարեկին դադարեցնել հացադուլը, ծայրահեղ այս միջոցը դժվար թե միջազգային և տեղական դերակատարների մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնի, իսկ մենք դեռ պայքարի ճանապարհ ունենք անցնելու…

Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը. Արձագանքներ՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի՝ 3 ամսով կալանքի որոշմանը