Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորված են այն անձի հաղորդման հիման վրա, որը թքել էր քաղաքացու վրա. Ֆիդանյան
««Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվողն ամենախայտառակ քաղաքական հետապնդումն է, ես չեմ վարանի այդպես ասել»,-դատարանի բակում ի աջակցություն տղաների հրավիրած ակցիայի ժամանակ հայտարարեց antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա ընդգծեց, նրանք արդեն երկու ամիս է՝ ինչ ապօրինի կալանավորված են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։
«Նրանք կալանավորված են այն անձի հաղորդման հիման վրա, որը տարիներ առաջ մայրաքաղաքի կենտրոնում թքել էր քաղաքացու վրա՝ այդ քաղաքացու կողմից քննադատության արժանանալու համար։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների, իրենց ընդդիմադիր խոսքի, կեցվածքի, իրենց սուր քննադատության համար։ Նրանք կալանավորված են, քանի որ պատասխանել են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնաորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավորված է այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը»,-հայտարարեց Ֆիդանյանը։
Այս առումով նա հիշեցրեց, թե գործող պաշտոնյաներն ինչպիսի բառապաշար են օգտագործում իրենց քաղաքական ընդդիմադիրների հասցեին։
«Եթե մենք ունենայինք իրապես դատաիրավական համակարգ, ապա այդ անձինք , բնականաբար կենթարկվեին պատասխանատվության։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, ընդդիմախոսներին սուր քննադատության ու ընդդիմադիր կեցվածքի համար։ Այսօր Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով»,-ասաց Ֆիդանյանը։
Հունվարի 9-ին ժամը 14:00-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ տեղի է ունենալու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի՝ Ալեն Սիմոնյանի արարքին իրավական գնահատական չի տրվել։
Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։