Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաև Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հայր Տեր Շմավոն քհն. Ղևոնդյանը։ Հայտարարությունից ժամեր անց Yerkir.am զանգահարել է քաղաքացին, որը չի չցանկացել ներակայնալ և պատմել, որ տարիներ առաջ Տեր Շմավոնը Երուսաղեմ ուխտավորների խումբ տանելիս սիգարետների տուփեր և կոնյակներ է պահ տվել խմբի անդամների մոտ, որպեսզի այդ ապրանքների խմբաքանակը իրացնի Երուսաղեմում և գումար աշխատի։
«Երուսաղեմի օդանավակայանում սակայն առգրավվել են մաքսանենգ ապրանքը ու կանխել դրա իրացումը։ Հեռախոսով կապ հաստատեցինք Տեր Շմավոնի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ճիշտ է մեզ հասած տեղեկությունը։ Տեր Շմավոնին հայտնեցինք, որ իրեն զանգահարում են Yerkir.am խմբագրությունից հայտնելով, որ զրույցը ձայնագրվում է, և ցանկացած պատասխան բառացի մեջբերվելու է։
Լսելով կոնյակ և սիգարետ իրացնելու վերաբերյալ մեր հարցը Տեր Շմավոնը միանգամից հերքեց․
- Նման բան չկա, նման բան չկա, երբևիցե չի եղել։
-Բայց, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում Տեր Շմավոն։
-Դա, ով արել է, իմ ձեռքի տակի սարկավագն է եղել, խոսքը 2015 թվականի մասին է, հետո որպեսզի ամեն ինչից դուրս պրծնի՝ իմ վրա է գցել։ Կարգապահական հանձնաժողովը քննել է հարցը, ես այդտեղ որևիցե խնդիր չունեմ, կապ չունեմ դրա հետ։ Ես շնորհակալ եմ, որ դուք ուզում եք ճշտել։
-Տեր Հայր, միգուցե կարգապահական հանձնաժողովում քննված ձեր գո՞րծն է պատճառ հանդիսացել, որ այսօր թիկունքով եք շրջվել Մայր աթոռին ու Վեհափառ Հայրապետին։
- Ես ոչ մեկին թիկունքով չեմ շրջվել։
- Իսկ ինչո՞ւ եք նեղացած Մայր Աթոռից, Գահակալից և Մայր Եկեղեցուց, ինչո՞ւ։
- Ես նեղացած չեմ ո՛չ Եկեղեցուց, ոչ Մայր Աթոռից, ոչ էլ Գահակալից։
- Իսկ գուցե, իրավապահ մարմինների կողմից կոմպրոմանտներ կա՞ն Ձեր վրա, որ դիմել եք այդ քայլին։
-Այս ամենն իմ որոշումն է։
- Իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել Ձեր որոշման համար։ Մեր բազմահազար լսարանը նաև մեզ է գրում, հարյուրավոր զանգեր ենք ստանում, մարդկանց հետաքրքիր է Ձեր որոշման պատճառը։
-Եկեղեցում գոյություն ունեցող խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն գտնում։
-Ո՞ր խնդրի մասին է խոսքը։
-Բազում են, մեկը մյուսից բխող խնդիրներ են, միայն այն, որ այսօր Եկեղեցին չի կառավարվում Սահմանադրությամբ, որովհետև Սահմանադրություն չունի, 30 տարի շարունակ չի ընդունվել Սահմանադրությունը։
-Տեր Շմավոն, բայց ՀՀ Սահմանադրությամբ կարգավորվում է պետություն-եկեղեցի հարաբերությունը, նաև Եկեղեցին ունի 200 տարվա կանոնակարգ, որով կարգավորվում է ներեկեղեցական կյանքը։
- Դրանք տարբեր ժամանակներում գրված կանոններ են, տարբեր ժամանակաշրջաններում։
-Հիմա Ձեր պահանջը ո՞րն է։
- Իմ պահանջը չի, ես ուղղակի միացել եմ իմ առաջնորդին (խմբ․ նկատի ունի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին):
- Ձեր առաջնորդին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրում են օֆշորային գոտիներում փողերի լվացման մեջ, այլ մեղքերի մեջ։ Ստացվում է Դուք այսօր կանգնել եք այն տիրադավ տասնյակի կողքին, որոնցից յուրաքնչյուրին մի մեղք է վերագրվում։
- Ես կանգնել եմ իմ անմիջական առաջնորդի կողքին։
- Իսկ եթե Ձեր առաջնորդը կարգալույծ արվի, այդ դեպքում Ձեր հետագա ընթացքը ինչպե՞ս է լինելու, էլի համարելո՞ւ եք առաջնորդ։
- «Եթե»-ով չի, իսկ եթե վաղը ձյուն չկա, իսկ եթե արև լինի, իսկ եթե վաղը երկրաշարժ լինի․․․
Վերադառնալով մեր զրույցի բուն թեմային, Տեր Շմավոնին խնդրեցինք հիշեցնել այն սարկավագի անուն-ազգանունը, որը մաքսանենգ ճանապարհով կոնյակ ու սիգարետ իրացնելու մեջ, ինչպես ինքն է նշում, մեղադրել էր իրեն։
-Նա ուրարակիր էր, ազգանուն չեմ էլ հիշում, անունը՝ Արման»,-գրում է «Yerkir.am»–ը։