Մենք ներկայում դնում ենք ապագա աղքատության հիմքերը. Սուրեն Պարսյան
Տնտեսություն
14:56 12/01/2026
Հայաստան

Մենք ներկայում դնում ենք ապագա աղքատության հիմքերը. Սուրեն Պարսյան

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ ներկայացնում էր 2018 թվականից հետո տնտեսական ոլորտում արձանագրված աճը։ Նա հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում տնտեսությունն աճել է 50%-ով։ Սակայն պետական Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով նման տնտեսական աճը չի հանգեցրել բնակչության կենսամակարդակի զգալի աճի, աղքատության մակարդակը մնացել է գրեթե նույնը. 2018-ին այն եղել է 23.6 %, իսկ 2024 թվականի նոր մեթոդաբանությամբ՝ աղքատության մակարդակը կազմել է 21.7 %՝ բայց նույն ՎԿ-ն այդ վիճակագրության պարզաբանման մեջ նշում է, որ աղքատության հաշվարկի մեթոդաբանության փոփոխության հետևանքով այն համադրելի չէ նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Այսինքը՝ հնարավոր է, որ նախորդ մեթոդաբանությամբ տնտեսական աճի նման պայմաններում աղքատության վիճակն ավելի վատացած լիներ։

Տնտեսական այս պարադոքսը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ դասախոս, տնտեսագետ Սուրեն Պարսյանին։

«Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը բավականին դինամիկ աճ է գրանցել, չնայած ունեցել ենք նաև կտրուկ անկումներ։ Մասնավորապես 2020 թվականին մեր տնտեսությունը 7.4 % անկում գրանցեց։ Այն ոչ միայն քովիդն էր, պատերազմը, այլ նաև մեր վատ տնտեսական կառուցվածքը, նաև պետական քաղաքականության անարդյունավետությունը։ Դրա հետևանքով մենք 2020 թվականին բավականին լուրջ անկում գրանցեցինք։

Արտաքին գործոններով պայմանավորված մենք 2022 թվականից սկսած  մի քանի տարի ունեցանք տնտեսական դինամիկ՝ երկնիշ աճ, որը պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանի տնտեսության մի հատվածը, պատկերավոր ասած, տեղափոխվեց Հայաստան և այստեղից տեղի ունեցավ այդ շրջանառությունը։ Դրա վառ ապացույցը ֆինանսաբանկային ոլորտի կտրուկ աճն է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կապիտալի սպասարկմամբ, ինչպես նաև Հայաստանում բազմաթիվ ներդրումային ընկերությունների աճով, որոնք դարձյալ սպասարկում էին ռուսական կապիտալը, ռուսական փողերի տեղաշարժը։ Սա թույլ տվեց, որ բանկային կապիտալն աննախադեպ եկամուտ ապահովի։ Մասնավարապես 2024 թվականին 353 մլրդ դրամ մաքուր եկամուտ արձանագրեց բանկային համակարգը։

 Այս պայմաններում, այո, մենք կարող ենք 2018 թվականի համեմատ գրանցել զգալի տնտեսական աճ արձանագրել։ Որ աճ ենք ունեցել, բայց այդ աճի որակը խիստ մտահոգիչ է, քանի որ դրանից հիմնականում օգտվեցին ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները։ Երկրորդ խումբը վերաարտահանողներն էին, դրա վառ ապացույցը խոշոր հարկատուների ցուցակում սարքավորումներ ներկրող վաճառողների առկայությունն էր և երրորդ խոշոր ձեռքբերողներ եղան նաև կառուցապատող ընկերությունները։ Մասնավորապես 2022 թվականից մենք ունեցանք ռուս ռելոկանտների հոսք, որը խթանեց վարձակալությունների շուկան ինչն էլ նպաստեց անշարժ գույքի շուկայի զարգացմանը և դինամիկ աճին։

 Այսինքը՝ այս առումով մենք կարող ենք արձանագրել, որ ունեցելկ ենք որոշակի տնտեսական աճ, նաև ոսկու վերաարտահանման հաշվին, բայց այդ տնտեսական աճին զուգահեռ Հայաստանում աղքատության զգալի նվազում տեղի չունեցով։ Տնտեսական աճն ինքնանպատակ չէ, այն պետք է ուղղված լինի մարդկանց կենսամակարդակի բարելավմանը։ Պետք է արձանագրել, որ 2018 թվականից հետո աղքատության գնահատման մեթոդաբանությունը վերանայվել է հաշվարկը փոխվել է սա մեկ գործոն,  բայց նույնիսկ այդ գործոնի պարագայում մենք չենք ունեցել աղքատության զգալի կրճատում, այս պահին 21.7 % է, բարձր տնտեսական աճի դեպքում ծայրահեղ աղքատությունը 0.6 % է, որը ևս մտահոգիչ է։ Ամենամտահոգիչն այն է, որ բազմազավակ ընտանիքներում, որտեղ կան 3 և ավել երեխաներ, այնտեղ շատ հաճախ է հանդիպում աղքատությունը։ Սա խոսում է այն բանի մասին, որ բազմազավակությունը խորացնում է ընտանիքի սոցիալական վիճակը և երբ պետությունը քարոզում է շատ երեխա ունենալ կամ փորձում էր լուծել ժողովրդագրական խնդիրները, ապա այս վիճակագրությունն դրա ճիշտ հակառակն է ապացուցում։ Ներկայացված վիճակագրությամբ ամեն 3-րդ երեխան աղքատության մեջ է ապրում և այս երեխաները չստանալով բավարար որակյալ սնունդ, կրթություն առողջապահություն, մեծ հավանականությամբ ապագայում նույնպես աղքատ են լինելու։ Այսինքը մենք  ներկայում դնում ենք ապագա աղքատության հիմքերը՝ չկարողանալով այդ երեխաներիին դուրս հանել աղքատության միջից, կամ նրանց ընտանիքների խնդիրները լուծել հենց հիմա։

 Այս պայմաններում մենք չեն կարող ասել, որ տնտեսական աճը զգալի որակական կենսամակարդակի փոփոխության է բերել Հայաստանում։ Դրանցի օգտվել են շատ քիչ անձինք, որոնց կենսամակարդակը կտրուկ բարելավվել է բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի էական փոփոխություն չենք ունեցել»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ներկայում դնում ենք ապագա աղքատության հիմքերը. Սուրեն Պարսյան