Ադրբեջանը դիմել է FIS՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ իրենց երկրի անունը փակելու քայլից
Սպորտ
15:33 12/01/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը դիմել է FIS՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ իրենց երկրի անունը փակելու քայլից

Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել Դահուկային սպորտի և Սնոուբորդի միջազգային ֆեդերացիա (FIS)` իտալական Tour de Ski մրցաշարում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ։

Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ հայ դահուկորդի քայլի վերաբերյալ պաշտոնապես կապ են հաստատել FIS -ի հետ՝ արտահայտելով դժգոհությունը և ընդգծելով համագործակցության շրջանակներում վերահսկողության միջոցառումները ուժեղացնելու անհրաժեշտությունը։

«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն FIS-ի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական երևույթներից խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցումների համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ՝ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։

Օրեր առաջ կայացած ասուլիսում հայ դահուկորդի քայլի մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր. «Սպորտը պետք է լինի սպորտի մասին, կարևոր է,  որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք  արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»։

ԿԳՄՍ նախարարության՝ Հայաստանի դահուկային սպորտի  ֆեդերացիա ուղարկված  Միքայել Միքայելյանի քայլի մասին պարզաբանում ստանալու հարցմանը  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը  պատասխանել է, որ «հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը դիմել է FIS՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ իրենց երկրի անունը փակելու քայլից