Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում շինարարությունը շարունակում է աճել. ո՞ւմ միջոցներով է այն իրականացվում
2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է շուրջ 644.6 մլրդ դրամի շինարարություն, ինչը 20.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ շինարարության ծավալների աճը հիմնականում պայմանավորված է պետական և մասնավոր հատվածների ակտիվությամբ։ Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունը կազմել է 166.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 34.6 տոկոսով։ Միաժամանակ աճ է գրանցվել նաև համայնքային միջոցներով իրականացվող շինարարության ոլորտում՝ հասնելով 35.0 մլրդ դրամի, ինչը 28.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Շինարարության հիմնական ծանրաբեռնվածությունը, սակայն, շարունակում են կրել կազմակերպությունները։ Նրանց միջոցներով իրականացվել է 299.0 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը կազմել է 141.9 մլրդ դրամ, գրանցելով 16.4 տոկոս աճ, ինչը վկայում է անհատական բնակարանաշինության և վերանորոգման ակտիվության պահպանման մասին։
Միևնույն ժամանակ, մարդասիրական օգնության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են։ Ընդհանուր առմամբ այս աղբյուրից իրականացվել է 2.3 մլրդ դրամի շինարարություն, ինչը 36.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Նվազում է գրանցվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության մասով, որը կազմել է 309.3 մլն դրամ՝ 41.1 տոկոս անկմամբ։ Փոխարենը, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարությունն աճել է՝ կազմելով 799.4 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ։ Զգալի աճ է արձանագրվել նաև ՄԱԿ-ի միջոցներով իրականացվող շինարարության ոլորտում՝ 116.5 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 11.5 անգամ ավելի է։
Օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ իրականացված շինարարության ծավալը կազմել է 1.3 մլրդ դրամ, ինչը 23.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Տվյալները ցույց են տալիս, որ շինարարության աճը Հայաստանում առավելապես ներքին աղբյուրների հաշվին է ապահովվում։ Ընդհանուր շինարարության ծավալի 46.4 տոկոսը ձևավորվում է կազմակերպությունների միջոցներով, ևս 22 տոկոսը՝ բնակչության հաշվին, իսկ 25.8 տոկոսը՝ պետական բյուջեի միջոցներով։ Համայնքային միջոցների մասնաբաժինը կազմում է 5.4 տոկոս։
Այսպիսով՝ շինարարական ոլորտի ներկայիս աճը հիմնականում կախված է պետության և ներքին մասնավոր հատվածի ակտիվությունից, մինչդեռ արտաքին ֆինանսական հոսքերի՝ մասնավորապես օտարերկրյա ներդրումների և մարդասիրական ծրագրերի դերը նվազել է։