Ուզում էի գրառման մեջ բոլորի անունները տեսնել. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Քաղաքական
17:49 14/01/2026
Հայաստան

Ուզում էի գրառման մեջ բոլորի անունները տեսնել. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Հակարի կամրջի մոտից շտապ օգնության մեքենայից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի՝ Հայաստան վերադարձի մասին նրա դստերը՝ Վերային տեղեկացրել է ընկերուհին։

«Ես աշխատանքի էի, ընկերուհիս զանգահարեց։ Զգացողություններս այս պահին փոխանցել չեմ կարող, երջանիկ եմ։ Երանի բոլորը վերադարձած լինեին։ Երբ փորձում էի կարդալ, ուզում էի բոլորի անունները տեսնել, այն ապրումները, որ ունեցա, կուզեի, որ բոլորն ունենան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը։

Հայրիկի հետ խոսել է Վերայի քույրը, հույս ունեն՝ այսօր երեկոյան կտեսակցեն նրա հետ։ Վագիֆ Խաչատրյանին միանգամից կտեղափոխեն հիվանդանոց, ամենայն հավանականությամբ Նորք-Մարաշ ԲԿ։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023 հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում դստեր աչքի առաջ ու տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք էին առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը պետք է անցկացներ բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։

Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբողեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։

Գրառումից հետ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder