Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վճարիր, դիմում գրիր, հետո կվերադարձնենք. Առողջապահական ապահովագրության կարգավորումները հարցեր են առաջացնում
Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ քաղաքացիների շրջանում շարունակում են հնչել հարցեր՝ հատկապես անհատ ձեռնարկատերերի, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես խոցելի խմբերի մասով։
Panorama.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը՝ ստանալով պարզաբանումներ Առողջապահության նախարարությունից։
Այսպես. ըստ նախարարությունից ստացված պատասխանի, եթե անհատ ձեռնարկատերը գրանցված է կենսաթոշակառուի անունով կամ ԱՁ-ի սեփականատերը հաշմանդամություն ունեցող անձ է, ու նշված ԱՁ-ի նախորդ տարվա շրջանառությունը գերազանցում է 2 մլն 400 հազար դրամը, ապա նա պետք է միանվագ վճարի առողջապահական ապահովագրության գումարը՝ 129 հազար 600 դրամը, այնուհետև տարեվերջին դիմում գրի, որպեսզի այն ետ ստանա։
«Մի քանի հաշվարկման բազաներ ունեցող անձանց՝ իրենց կամ իրենց գործատուների կողմից կատարվող ընդհանուր վճարումները չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված ամսական ապահովագրավճարի դրույքաչափը։ Ապահովագրավճարի սահմանված ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները վերադարձվում են անձին՝ ապահովագրավճարի մասով պարտավորությունների կատարումից և Ռեգիստրում համապատասխան գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում»,- Panorama.am-ին հայտնեցին ԱՆ-ից։
Այն դեպքերում, երբ ԱՁ-ի սեփականատերը միաժամանակ աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես վարձու աշխատող և ստանում է 200 հազար դրամից բարձր աշխատավարձ, այս դեպքում ևս ԱՁ ունեցող անձը պետք է կատարի վճարումը, այնուհետև դիմի հիմնադրամին՝ գումարը հետ վերադարձնելու համար։
«Վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ապահովագրված անձի՝ Հիմնադրամ ներկայացրած դիմումի հիման վրա՝ դիմումում նշված բանկային հաշվեհամարին։ Մեկ անգամ ներկայացված դիմումը հիմք է հանդիսանում հետագա բոլոր դեպքերում ավել վճարված ապահովագրավճարների վերադարձի համար»,- նշված է գրավոր հարցման պատասխանում։
Այսինքն ստացվում է, որ քաղաքացին ամեն դեպքում պետք է լրացուցիչ վճար անի, ապա որոշ ժամանակ անց դիմում գրի ու վերադարձ ստանա։ Նույն մոտեցումն է նաև երկու աշխատանք ունեցողների դեպքում։ Թեև օրենքով նախատեսված մեխանիզմները ձևականորեն ապահովում են կրկնակի վճարումների վերադարձը, գործող կարգավորումները քաղաքացիների համար ստեղծում են ֆինանսական և վարչարարական լրացուցիչ բեռ։ «Վճարիր, հետո կվերադարձնենք» մոտեցումը հատկապես խնդիր է դառնում սոցիալապես խոցելի խմբերի, փոքր շրջանառություն ունեցող ԱՁ-ների համար, ովքեր հաճախ չունեն ազատ ֆինանսական միջոցներ՝ նախապես միանվագ վճար կատարելու համար։
Բացի այդ, համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է քաղաքացու իրազեկվածությունից և նախաձեռնողականությունից․ գումարի վերադարձը ավտոմատ չէ և պահանջում է դիմումի ներկայացում, ինչը կարող է դառնալ խոչընդոտ հատկապես տարեցների կամ թվային հմտություններ չունեցող անձանց համար։ Մասնագետների գնահատմամբ՝ համակարգի սոցիալական ուղղվածությունն ամբողջությամբ իրացնելու համար անհրաժեշտ է պարզեցնել ընթացակարգերը և նվազեցնել այն դեպքերը, երբ քաղաքացին ստիպված է նախ վճարել, ապա սպասել իր իսկ գումարի վերադարձին։
Հաջորդ հարցը վերաբերում է զինվորական թոշակ ստացողներին։ Ըստ ԱՆ պարզաբանման, նրանք ընդգրկված չեն առողջապահության ապահովագրության համակարգում, թեպետ նրանց բուժսպասարկումը որոշ դեպքերում արդեն ապահովվում է պետության կողմից։
Իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում օրենքով նախատեսված է, որ ծնողներից կամ խնամակալներից մեկը ներառվում է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում։ Այդ դեպքում ծնողներից կամ խնամակալներից մեկը կարող է ընդգրկվել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում՝ ներկայացնելով համապատասխան դիմում։
«Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը կամ խնամակալը դիմում է ներկայացնում Հիմնադրամ՝ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում ընդգրկվելու վերաբերյալ»,– ասացին նախարարությունից։
Եթե հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը աշխատող է և ստանում է 200 հազար դրամից բարձր աշխատավարձ, նա համարվում է ապահովագրված անձ։ Իսկ չաշխատող ծնողը կարող է ընդգրկվել պետության կողմից ամբողջությամբ հատուցվող խմբում՝ իր դիմումի համաձայն։ Դիմում կարող են ներկայացնել և հիմնադրամում՝ ֆիզիկապես, և [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումի ձևն առայժմ հաստատված չէ։ ՊԱԳ-ից վստահեցրին, որ այն շուտով կհաստատվի։