Նարեկ Սամսոնյանի խնդրով դիմել եմ ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին. Նաիրա Զոհրաբյան
Իրավունք
14:18 19/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանի խնդրով դիմել եմ ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին. Նաիրա Զոհրաբյան

«Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարյան հենց այս օրերին, 44-օրյա հացադուլից հետո հյուծվելուց և անդառնալի առողջական խնդիրներ ձեռք բերելու հետևանքով մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը»,- ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի և առաղջական լուրջ վիճակի խնդիրներով բողոքի ակցիան, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսի 15-ին էլ դատարանում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն ուներ առողջական խնդիրներ։

«11-րդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ, և ՄԻՊ տիկինը՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ արագ արձագանքման որևէ խումբ, չի այցելել ՔԿՀ և բացարձակապես որևէ տեղեկատվություն չունի Նարեկի առողջական վիճակի մասին»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Տեղեկացնելով, որ նախորդ օրը Նարեկ Սամսոնյանին սրտի հետ կապված  խնդրով հոսպիտալացրել են Էջմիածնի բժշկական կենտրոն՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահն ասաց. «Այն, որ այս պայմաններում եվրոպական կառույցները, որոնց ժամանակին Նիկոլը անվանում էր «եվրոյոնջաներ», լռելու են և շարունակելու են լռել, ինձ համար հասկանալի է, որովհետև նրանք ունեն հստակ կանոն։ Նիկոլ Փաշինյանն իրենց համար իդեալական գործիք է, որով նրանք իրենց քաղաքական շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում՝ ՌԴ-ի դեմ»։

Ըստ Զոհրաբյանի ՀՀ կին ՄԻՊ-ը, որը երգում է, հուզվում Աննա Հակոբյանի կազմակերպած կրթական ծրագրերի ժամանակ, էմոցիոնալ հայտարարություններ է անում՝ չի կատարում իր անմիջական պարտականությունը, որովհետև նրան թույլատրված չէ այցելել մեդիագործչին և կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունը։

Նա տեղեկացրեց, որ դիմել է ԵՄ խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովին, ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողին։

«Նախկինում, եթե նման բան լիներ, Սվիտալսկին այստեղ պառկած կլիներ։ Դիմել եմ նաև ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին։ Տեսնում են, արձանագրում են, և շնորհակալություն, թեև փակ հանդիպումներում ասում են, որ տեսնում են, թե ինչ է կատարվում, բայց չեն կարող խոսել, որովհետև աշխարհաքաղաքական խնդիրներ կան»,– ասաց նա և ահազանգեց. «Նարեկի վիճակն ամեն րոպե կարող է ծայրահեղ, անդառնալի դառնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder