Քանի՞ բժիշկ է 12 մլն դրամ աշխատավարձ ստանում. Անահիտ Ավանեսյանը հրաժարվում է թվեր ու անուններ տրամադրել
Քաղաքական
11:04 21/01/2026
Հայաստան

Քանի՞ բժիշկ է 12 մլն դրամ աշխատավարձ ստանում. Անահիտ Ավանեսյանը հրաժարվում է թվեր ու անուններ տրամադրել

Հունվարի 15-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր՝ իր ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունեն, որոնք մեկ ամսում ստանում են կառավարության անդամների ստացած պարգևավճարի կրկնակին։  Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի՞ բժիշկ կա, որ ստանում 12 մլն աշխատավարձ, խնդրեցինք տրամադրել նման աշխատավարձ ստացող բժիշկների ցանկը, աշխատատեղը։

Սակայն առողջապահության նախարարությունից Panorama.am-ի հարցերից որևէ մեկին չեն պատասխանել, ընդամենը ներկայացրել են առողջապահության նախարարության  ենթակա կազմակերպությունների ցանկը և առաջարկել դիմել վերջիններիս` հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ մասերը.

Կետ 1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.

2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։

Այսինքն, նախարարն արել է մի հայտարարություն, որի հավաստիությունը ստուգել գրեթե հնարավոր չէ։ Ամեն դեպքում Panorama.am-ը հարցումներ կուղարկի նաև բժշկական ծառայութուններ մատուցող կազմակերպություններին։ 

Հիշեցնենք, որ տարվա սկզբից բուռն քննարկվում է պետական համակարգում, մասնավորապես նախարարների ստացած  բարձր պարգևավճարները։ Լրագրողների հարցերին ի պատասխան, ոմանք նշել են, որ ստացել են 6-7 միլիոն դրամ պարգևավճար, ոմանք պատասխանել են՝ հայտարարագրից կարող են ծանոթանալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder