Արցախում մնացած 10 հայեր տեղափոխվել են Հայաստան
Հասարակություն
12:33 23/01/2026
Հայաստան

Արցախում մնացած 10 հայեր տեղափոխվել են Հայաստան

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,-գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է հակամարտություններն ու դրանց հետևանքները,  X սոցցանցի իր միկրոբլոգում Արցախում կատարված էթնիկ զտումից մեկ ամիս անց  հրապարակել էր տեսանյութ, որտեղ արցախցի կինը պատմում է, թե ինչպես է հայրն անդրդվելի եղել որոշման մեջ ու մնացել Արցախում։

«Ես խոսել եմ Արցախում մնացած մի քանի մարդկանցից մեկի դստեր հետ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերջերս պարծենում էին, որ Ադրբեջանը տեղական հեռահաղորդակցական ծառայություններ է ստեղծում, սակայն Լեռնային Ղարաբաղում մնացած հայերը չունեն ինտերնետ կամ բջջային կապ, և նրանց թույլ չեն տալիս խոսել իրենց սիրելիների հետ առանց հսկողության: Եվ որպես Ադրբեջանի «վերաինտեգրման» մաս, Ադրբեջանի իշխանությունները առգրավեցին այնտեղ մնացածների հայկական անձնագրերը, բայց նրանց ադրբեջանական անձնագրեր չեն տրամադրել: Սա նշանակում է, որ ԼՂ-ում մնացած հայերը ներկայումս քաղաքացիություն չունեն»,-գրել  էր հայտնի լրագրողը։

Նշենք, որ անցած տարվա սետեմբերին Ադրբեջանը ձերբակալեց, ապա կալանավորեց Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանին։ Իբր նա Ստեփանակերտում իր բնակության վայրից մեկնել է քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածք, վերցրել այնտեղ թաքցված զենքերն ու զինամթերքը՝ Կալաշնիկով ինքնաձիգ և չորս արկղ զինամթերք, ինչպես նաև հինգ ձեռքի նռնակ: Երբ ոստիկանները մոտեցել են, իբր Ավանեսյանը դիմադրել է՝ նետելով ձեռքի երեք նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից: Պատասխան կրակից վիրավորվելով՝ Ավանեսյանը ձերբակալվել էր, նա դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախում մնացած 10 հայեր տեղափոխվել են Հայաստան