Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդիկ աշխատողներ են բերել, փախել են, չեն աշխատել․ Ախթալայում հանքափորների գործադուլը շարունակվում է
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում, անհրաժեշտ է կասեցնել հանքի գործունեությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության Էդուարդ Փահլևանյանը՝ տեղեկացնելով, որ հանքի տնօրինության հետ բանակցությունների փորձը ձախողվել է։
Հիշեցնենք՝ շուրջ 10 օր շարունակ 52 հանքափորներ գործադուլ են իրականացնում։ Պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձի բարձրացում։
«Ես հանդիպել եմ մեր այն աշխատողներին, որոնք գրավոր դիմումով դիմել էին ինձ՝ 52 հանքափորներ Ախթալայի ԼՀԿ-ից, որպեսզի իրենց շահերը ներկայացվեն։ Դրանից առաջ ես նաև գրավոր՝ էլեկտրոնային փոստով, ծանուցել էի Հայաստանի ղեկավարությանը, տնօրենի գլխավորությանը, որ ես գալիս եմ բանակցությունների՝ ըստ աշխատանքային օրենսգրքով սահմանված կոլեկտիվ վեճի լուծման ընթացակարգի։ Ես նշել էի ժամը 16:00-ի, մինչև ժամը 17:00 սպասել եմ, բայց տնօրինությունը մեզ արհամարհել է, չի ընդունել», - ասաց Փահլևանյանը։
Արհմիության նախագահը ընդգծում է, որ, չնայած բանակցությունների բացակայությանը, ինքն իրականացրել է տեղում ուսումնասիրություն և ծանոթացել հանքում աշխատողների պայմաններին։
«Ես հետազոտական աշխատանքներ եմ կատարել, որտեղ մեր աշխատողներից իմացել եմ, որ նրանք աշխատում են անմարդկային պայմաններում Ախթալայի ԼՀԿ-ի հանքում։ Սա փաստացի ներկայացվելու է թե՛ աշխատանքի տեսչությանը, թե՛ տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի կասեցվի հանքի գործունեությունը», - ասաց նա։
Փահլևանյանը շեշտում է, որ խոսքը ոչ միայն սոցիալական, այլև մարդկային արժանապատվության խնդրի մասին է։
«Դա անմարդկային պայմաններ են, և մարդ արարածը չի կարող այդ պայմաններում որևէ գործունեություն ծավալել ու կյանքի գնով շահույթ ապահովել։ Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինեն այդպիսի նվաստացուցիչ աշխատանքային վայրեր, հատկապես լեռնամետալուրգիայի ոլորտում», - նշեց նա։
Էդուարդ Փահլևանյանի խոսքով՝ գործատուն փորձել է փոխարինել գործադուլավորներին այլ աշխատողներով։
«Ես անձամբ տեսել եմ, որ ավտոբուսով բերել էին հնդիկ աշխատողների՝ փոխարինելու այդ 52 հանքափորներին, բայց ինչքանով տեղեկություն ունեմ, նրանք փախել են, հրաժարվել են աշխատել այդպիսի պայմաններում», — նշում է նա։
Արհմիության նախագահը վստահեցնում է, որ գործադուլը չի դադարել և մոտ ապագայում էլ չի դադարելու։
«Գործատուն փորձել է առանձին՝ հինգից տասը հոգու հետ հանդիպել, բայց աշխատողները կտրուկ չեն համաձայնվել։ Դժվար եմ պատկերացնում, որ նրանք այսօր, վաղը կամ երկուշաբթի դուրս կգան աշխատանքի», - ասաց Փահլևանյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ քայլերը լինելու են իրավական դաշտում։
«Ես պատրաստվում եմ դիմել աշխատանքի տեսչական մարմին, որպեսզի փաստագրվեն այդ ոչ մարդկային աշխատանքային պայմանները և վարույթ ընդունվի։ Միաժամանակ դիմելու ենք տարածքային նախարարությանը, որպեսզի կասեցվի հանքի գործունեությունը և լիցենզիան հետ կանչվի»,-ասաց նա։
Փահլևանյանը նաև բարձրացնում է հնարավոր ճնշումների հարցը՝ կոչ անելով գործատուին զերծ մնալ աշխատողների նկատմամբ պատժիչ քայլերից։
«Մենք պայքարելու ենք այդ 52 հանքափորի համար», -ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ գործադուլը կարող է ստանալ ավելի լայն մասշտաբ։
«Այլ արտադրամասերից արդեն հայտնել են, որ պատրաստ են միանալ այս 52 հանքափորների պահանջներին։ Հանքում աշխատում է մոտ 450–500 մարդ, և տարբեր աշխատատեղերից մարդիկ ասել են, որ պատրաստ են միանալ այս բողոքի ակցիային», - հավելեց Փահլևանյանը։
Հիշեցնենք, որ Ախթալայի հանքի տարածքում շուրջ 10 օր է՝ հորատող բանվորները չեն աշխատում։ Գետնի տակ, բարձր ռիսկային պայմաններում աշխատող 52 քաղաքացի հավաքվում է ընկերության դարպասների մոտ և սպասում, որ իրենց պահանջները լսելի դառնան։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։