Կառավարությունը որոշել է գերակա շահ ճանաչել և վաճառել կենտրոնում բնակվողների տներն ու այգիները
Տնտեսություն
16:47 27/01/2026
Հայաստան

Կառավարությունը որոշել է գերակա շահ ճանաչել և վաճառել կենտրոնում բնակվողների տներն ու այգիները

Կառավարությունը որոշել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 81 հա տարածքը գերակա շահ ճանաչել և սեփականաշնորհել կառուցապատողին, իսկ դրա համար նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն տալ պայմանագիր ստորագրելու համար։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի ավագանու 10.09.2024թ. թիվ 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ: Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:

Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքի և հարակից տարածքների (այսուհետ՝ Տարածք, «Պասկևիչի բլուր») նկատմամբ  հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռքբերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր...

Ներկայում Տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:

Կախված իրացման ծավալներից` Ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ: Կառուցապատման հայեցակարգը հիմնավորվում է գոտու բարձր քաղաքաշինական արժեքի, տարածքային ռեզերվների, կենտրոնի նկատմամբ ազգային և միջազգային աճող ներդրումային հետաքրքրության, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կողմից էական ներդրումային և քաղաքի արդիականացման ու վերակառուցման հետևողական փորձի վրա:

Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝

  • Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն),
  • Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում,
  • Միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում,
  • Համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝  կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ,
  • Բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ,
  • Առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար»:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը որոշել է գերակա շահ ճանաչել և վաճառել կենտրոնում բնակվողների տներն ու այգիները