Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էսթետիկ միջամտությունների հետևանքով Հայաստանում մաhվան դեպքեր են գրանցվել
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողների թիվը գնալով ավելանում է, իսկ այդ միջամտություններին դիմողների տարիքը վերջին տարիներին զգալիորեն իջել է։ 20-25 տարեկանում ավելի հաճախ կատարվում են էսթետիկ փոփոխության նպատակով միջամտություններ՝ շուրթերի, քթի կամ դեմքի կոնտուրի շտկում։ 30-ից հետո ավելանում են վերականգնող և երիտասարդացնող միջամտությունները՝ բոտոքս, ֆիլլեր՝ ծավալի վերականգնում, մաշկի խնամք։ Հաճախ լսում ենք, որ մատնահարդարման՝ շելլաքի հետևանքով մարդը եղունգների հետ կապված խնդիրներ է ունեցել, ստիպված է եղել երկար բուժում ստանալ։ Վերջերս լսեցինք, որ բոտոքսի դիմած կնոջ մոտ տեսողության խնդիրներ են առաջացել, ընդհուպ երիտասարդ կինը կուրացել է, ապա ստիպված է եղել երկարատև բուժում անցնել։
Երկու դեպքում էլ տուժողներն իրավապահներին չեն դիմել, հետագա բուժումներն էլ անցել են սեփական միջոցներով։
Էսթետիկ ներարկումները, միջամտությունները համարվում են անվտանգ, երբ իրականացվում են փորձառու և լիցենզավորված մասնագետների կողմից։ Հաշվի առնելով պատմություններն ու կանանց, ինչու չէ արդեն նաև տղամարդկանց՝ էսթետիկ միջամտությունների դիմելու մոլուցքի վերածված ցանկությունն ու կիրառումը՝ պետական ու իրավապահ մարմիններից փորձեցինք պարզել դժբախտ ելքերով միջամտությունների դեպքերի մասին տեղեկություններ։
Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմեց առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե 2025 թվականի ընթացքում կոսմետոլոգիական միջամտությունների, էսթետիկ վիրաբուժության հետևանքով մահվան քանի՞ դեպք է արձանագրվել, որո՞նք են եղել պատճառները, արդյո՞ք էսթետիկ վիրաբուժության որևէ կլինիկա զրկվել է լիցենզիայից և արդյո՞ք նախարարությունը չի պատրաստվում իրականացնել մատնահարդարում, փոշեդրում, ներարկման միջոցով շուրթերի ծավալի մեծացում, կնճիռների հարթեցում և այլ ծառայություններ մատուցող մասնագետներ լիցենզավորում։
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ 2025 թվականի ընթացքում կոսմետոլոգիական միջամտությունների և էսթետիկ վիրաբուժության հետևանքով մահվան դեպքերի առթիվ վարույթ իրականացնող մարմինների կողմից ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում նշանակվել է 2 փորձաքննություն։
«Մահվան պատճառների և հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ այն կարող է պարունակել նախաքննական (վարույթային) գաղտնիք հանդիսացող տվյալներ, և դրա տրամադրումը ենթակա է գնահատման վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված ժամանակահատվածում պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական տեսակով լիցենզիայի գործողության դադարեցում կամ կասեցում չի եղել: Հարկ եմ համարում նշել, որ ներկայումս բոլոր ներարկումային ծառայությունները հանդիսանում են բժշկական ծառայություններ և ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների»,- նշեցին առողջապահության նախարարությունից։
Ի դեպ, առողջապահության նախարարությունից նաև հայտնեցին, որ ներկայում «փոշեդրում» և «մատնահարդարում» ծառայությունները չեն համարվում բժշկական միջամտություն և չեն պահանջում բժշկական օգնության ու սպասարկման որևէ տեսակի լիցենզիա:
Panorama.am-ը դիմեց նաև քննչական կոմիտե՝ պարզելու, թե 2025 թվականի ընթացքում կոսմետոլոգիական միջամտությունների, էսթետիկ վիրաբուժության հետևանքով տուժածների ահազանգերի հիման վրա քանի՞ վարույթ է հարուցվել, ի՞նչ հոդվածներով, ի՞նչ ելք են ունեցել այդ վարույթները։ ՔԿ-ից հայտնեցին, հայցվող տեղեկատվության վերաբերյալ հաշվառում (վիճակագրություն) չի վարվում։
Հիշեցնենք, որ անցած տարի մեծ աղմուկ հանեց էսթետիկ վիրահատության ընթացքում կնոջ մահվան դեպքը։