Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
Իրավունք
21:00 31/01/2026
Հայաստան

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նման հայտարարություն է տարածել Մայր աթոռը։

«Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ 

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder