Սամվել Շահրամանյանի ցուցմունքը՝ Ադրբեջանի ներկայացրած վերջնագրի վերաբերյալ
Իրավունք
16:36 02/02/2026
Հայաստան

Սամվել Շահրամանյանի ցուցմունքը՝ Ադրբեջանի ներկայացրած վերջնագրի վերաբերյալ

Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն ընդդեմ  ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ հայցի քննության ժամանակ ցուցմունքում մանրամասն ներկայացրել է, թե ինչպես արձագանքել է ադրբեջանական վերջնագրին։

Ասուլիսում ցուցմունքը հրապարակեց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Արցախի նախագահն ասել է. «Ադրբեջանական կողմը, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂՀ ղեկավարութունը խուսափել է՝ տարածելով համապատասխան հայտարարություն և որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչությանը ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և կազմակերպել ԼՂՀ տարածքից դուրս բերումը։

Հայաստան տեղափոխվելուց հետո հայցվորը բազմիցս տարբեր հրապարակային ելույթներում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելին՝ նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂՀ  օրենսդրությանը, որևէ պետական մարմին ԼՂՀ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ և այն առկա չէ անգամ ԼՂՀ Իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։

Խնդրո առարկա հայտարարությունը, մատնանշելով հրամանագիրը, չեղարկելու որոշում է տարածել  արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը՝ դրա մասին որևէ հիշատակում չկատարելով դասագրքում»։ 

Հիշեցնենք՝ 2025 թ.սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ  նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման միջնորդություն՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն» 9-րդ  դասարանի դասագրքում  տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը  ստորագրել է  Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը։

Դատարանը հայցը մերժելու վերաբերյալ վճիռ է կայացրել, սակայն դատարանը, ըստ փաստաբանի, կատարել է մի քանի կարևոր արձանագրում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Շահրամանյանի ցուցմունքը՝ Ադրբեջանի ներկայացրած վերջնագրի վերաբերյալ