Խամենեին դեմ է եղել ԱՄՆ-Իրան բանակցությունները Ստամբուլում անցկացնելուն
Քաղաքական
10:23 05/02/2026
Տարածաշրջան

Խամենեին դեմ է եղել ԱՄՆ-Իրան բանակցությունները Ստամբուլում անցկացնելուն

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև Ստամբուլում բանակցություններ անցկացնելու տարբերակը, պնդելով, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ Օմանում նախորդ հանդիպումների շարունակության շրջանակներում կքննարկի բացառապես միջուկային օրակարգը։ Այդ մասին հայտնել է կառավարամետ թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը պլանավորում է ուրբաթ օրը Ստամբուլում հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Երեքշաբթի օրը Ynet-ը հայտնել էր, որ Ուիտկոֆը ժամանել է Իսրայել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններ վարելու համար։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով արաբական աղբյուրին, պնդել է, որ Թրամփի վարչակազմը ընդունել է Թեհրանի խնդրանքը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ։ Դրանք, ինչպես սպասվում է, տեղի կունենան ուրբաթ օրը Օմանում։

Ըստ «Հյուրիեթի», Անկարան պնդում է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են հարստացված ուրանը, բալիստիկ հրթիռները և միջնորդ ուժերի գործունեությունը, հիմնականում տարածաշրջանային երկրների մտահոգությունն են։ Այս հարցերը, ենթադրաբար, նախատեսված էին նախ քննարկել տարածաշրջանային պետությունների հետ, ապա քննարկման դնել Միացյալ Նահանգների հետ, ինչը, ըստ էության, ենթադրում էր անուղղակի բանակցություններ։

«Հյուրիեթի» աղբյուրները հայտնել են, որ առաջարկը Իրանի նախագահին փոխանցվել է արտաքին գործերի նախարարի միջոցով։ Սկզբում իրանական կողմը համաձայնվել է, և այն փոխանցվել է Անկարային։

«Սակայն Այաթոլլահ Խամենեին հետագայում մերժել է ինչպես Ստամբուլի հանդիպումը, այնպես էլ առաջարկվող ձևաչափը։ Նա դեմ է եղել միջնորդների և տարածաշրջանային երկրների մասնակցությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է մնա միջուկային բանակցությունների միակ գործընկերը։ Արդյունքում որոշում է կայացվել հնարավոր շփումները դիտարկել որպես Օմանում նախկինում կայացած բանակցությունների շարունակություն», -գրում է «Հյուրիեթի» սյունակագիր Հանդե Ֆիրաթը, որը մոտ է կառավարական շրջանակներին։

Հրապարակման համաձայն՝ Իրանի համաձայնությունը Ստամբուլի հանդիպման ձևաչափին թույլ կտար առաջընթաց գրանցել բոլոր հիմնական ոլորտներում՝ ուղղակի և անուղղակի բանակցությունների համադրությամբ։ Ըստ թերթի, Անկարան նաև կարծում էր, որ հաջորդ քայլը կլինի կայուն բանակցային մեխանիզմի տեսքով համաձայնությունների ամրապնդման ձեռք բերումը, որը կապահովի կանոնավոր շփումներ և կնվազեցնի կողմերի միջև կտրուկ սրման ռիսկը։ Հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder