Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորակառույցների ուշացումների «առյուծի բաժինը»՝ 95 և ավելի տոկոս դեպքերում, պայմանավորված է վարչարարական գործընթացների ոչ արդյունավետությամբ, մինչդեռ կառուցապատողի մեղքը կազմում է ընդամենը 1-2 տոկոս։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
«Շենքը կառուցում, ավարտում են փաստացի շինարարական աշխատանքները, սակայն փաստաթղթավորման գործընթացը տևում է ամիսներ մինչև ավարտական ակտի ձևակերպումը, իսկ այնուհետև նաև ավարտական ակտի հիմքով Կադաստրի կոմիտեում իրավունքի պետական գրանցումը տևում է տասնյակ օրեր»,- մանրամասնեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առաջին շահագրգիռ սուբյեկտը, որ ուշացում թույլ չտա, հենց կառուցապատողն է, քանի որ նա է կրում բոլոր ֆինանսական և իրավական հարվածները։
«36 ամսվա քաղաքաշինական ծրագիրը եթե տևում է 45 ամիս, այդ 7 ամիս ուշացման վարկային բեռը կրում է կառուցապատողը, շինթույլտվության ժամկետի երկարաձգման ահռելի տեղական տուրքը վճարում է կառուցապատողը, բանկերի և գնորդների առջև իրավական ու ֆինանսական ռիսկերը կրում է կառուցապատողը։ Տուժում է նաև պետությունը, որովհետև ժամանակին պլանավորված հարկային մուտքերը՝ ԱԱՀ-ն և շահութահարկը, ուշանում են»,- ասաց նա։
Ասոցիացիայի նախագահը փաստում է, որ ուշացումները հաճախ պայմանավորված են նաև գազի, ջրի, հոսանքի մատակարար կազմակերպությունների վարքագծով, ինչպես նաև պետական մարմինների միջև փոխգործակցության ցածր մակարդակով։
«Այս ամենի հետևանքով բիզնեսն այլևս վախենում է նոր քաղաքաշինական ծրագիր սկսելուց։ Տեմպերի իրական անկում է նկատվում նոր քաղաքաշինական նախագծերի, ինչը վտանգավոր է երկրի ՀՆԱ-ի համար, որտեղ կառուցապատումը հարակից ճյուղերի հետ ապահովում է տնտեսության շուրջ մեկ հինգերորդը»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նոր նախաձեռնությանը՝ գրանցումը 81% ավարտվածության փուլում սկսելու վերաբերյալ, Գրիգորյանը նշեց. «Սա հնարավորություն է ընձեռնում տնտեսվարողներին ավելի վաղ փուլում մեկնարկել այն տանջալից գործընթացը, որ կոչվում է քաղաքաշինական գործընթացների փաստաթղթավորում։ Դա կառուցապատողների համար այսօր դարձել է խորը սթրես։ Վարչարարական գործընթացները այն աստիճան բարդեցված են, որ անսահման մեծ ջանքեր են պահանջում»։
Հարցին՝ օդի աղտոտվածության դեմ պայքարի վերաբերյալ կառուցապատողներին ուղղված նոր պահանջներն ինչպես է գնահատում, Գրիգորյանը նշեց՝ կառուցապատողները դարձել են «քավության նոխազ»։ Նրա խոսքով՝ աղտոտվածության իրական պատճառները Երևանամերձ բուսական զոնաների բացակայությունն ու բաց հանքերն են, այլ ոչ թե կառուցապատումը, որի մասնաբաժինը շատ փոքր է։
«Փոշեկլանիչ ցանցը չի հանդիսանում փոշու դեմ պաշտպանության արդյունավետ մեխանիզմ, քանի որ փոշին միկրոմիլիմետրերի հասնող մեծություն է, իսկ այդ ցանցերի անցքերը աչքով տեսանելի են։ Դա ընդամենը համայնքի կողմից սահմանված վարքագծի կանոն է, որին կառուցապատողները հետևում են՝ հոգու խորքում գիտակցելով, որ այն չունի արդյունավետության բավարար մակարդակ»,- նշեց Գրիգորյանը։
Նա նաև քննադատեց այն մոտեցումը, երբ պահանջում են ցանցեր կամ ջրցան համակարգեր կիրառել անգամ այն փուլերում, երբ դա այլևս իմաստ չունի, օրինակ՝ երբ պատուհաններն արդեն տեղադրված են։ Ըստ նրա՝ թեև պետական մարմինները գործընկերային են տրամադրված և ականջալուր են լինում բիզնեսի ձայնին, սակայն լուծումները տևում են շատ երկար, և այն գործողությունները, որոնք կարելի էր անել մեկ-երկու քայլով, իրականացվում են տասնյակ քայլերով։
«Ցանկացած ներդրումային ծրագրի համար կարևոր է իրավական կանխատեսելիությունը, ինչն այսօր ամբողջական չէ։ Ընդունվում են օրենքներ, որոնք հետադարձ ուժով են տարածվում, կամ բիզնեսակենտրոն կարգավորումներ, որոնք գործնականում չեն կիրառվում»,- եզրափակեց Գուրգեն Գրիգորյանը՝ շեշտելով վարչարարության իրական օպտիմալացման հրամայականը։