Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ն պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին
Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։ «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Թրամփի նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն է։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն կերպ», - հայտարարել է դիվանագետը։
Գալուզինը հիշեցրեց, որ մինչև 2038 թվականը Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կողմից, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նույնպես պետք է հաշվի առնվի։ Այս պայմաններում պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - ասել է փոխնախարարը։
Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործում արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափով՝ փոխվարչապետերի մակարդակով։