Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված հայտարարության տեքստին
«Անհերքելի է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և այն ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իսկ կալանքը՝ մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի»,-ԱԺ նիստի մեկնարկին հայտարարության տեսքն ընթերցելիս ասաց Էլինար Վարդանյանը։
Ներկայացնելով հայտարարության տեքստը՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ քաղաքական շարժառիթներով քաղաքական հետապնդման են ենթարկվում Հայաստանյան Առաքելական սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ։
Հայտարարության մեջ լիակատար համերաշխություն է հայտնվում քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին և ընկերներն, դատարանին կոչ է արվում գործել օրենքի սահմաններում, ՄԻՊ-ին՝ ուշադրություն դարձնել հիմնախնդրին։
Նախագծում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Հայտարարությանը բացասական եզրակացություն տված Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե ԵԽԽՎ զեկույցում խոսք չկա քաղբանտարկյալների մասին, հետևաբար՝ նման խնդիր էլ չկա։
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն հայտարարություն ընդունի ապա պաշտոնանկ պետք է արվեն Գլխավոր դատախազը, քննչական և իրավապահ կառույցների ղեկավարները։
«Դուք ուզո՞ւմ եք հավասարության նշան դնել Հայաստանի և այն երկրների միջև, որտեղ կան հազարավոր քաղբանտարկյալնե՞ր»,-հարցրեց Վարդանյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի հայտարարության մասին որոշումն ընդգրկվի ԱԺ օրակարգ։