Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանություններն ասում են, թե «ասֆալտը՝ ասֆալտ է», բայց պարզվում է, որ ասֆալտը՝ ասֆալտ չէ. Գառնիկ Դանիելյան
«Ես ուզում եմ խոսել մեր ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել այս օրերի Երևանի խայտառակ ճանապարհների մասին»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մինչ բուն ելույթը՝ պատգամավորը միացրեց կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանի խոսքի ձայնագրությունը, որում նա ասում էր. «Ինչու ենք մենք ասֆալտը սիրում, որովհետև ասֆալտը դա ասֆալտ է, այդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, հետևաբար էդ ասֆալտը՝ էն ասֆալտը չէ»։
«Իշխանություններն ասում են, թե «ասֆալտը՝ ասֆալտ է», բայց պարզվում է, որ ասֆալտն՝ ասֆալտ չէ։ Դա էլ քիչ է, էն միլիարդավոր դրամները, որ մեր հարկատուները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են՝ բառիս բուն իմաստով»,-ասաց Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց ասֆալտապատման աշխատանքների «ոչ բարվոք» վիճակը։
«Ո՛չ հաստությունը, ո՛չ խորությունը, ո՛չ որակը հեռու են այն ստանդարտներից և նորմերից, որը պետք է կատարվեր։ Այն 1-2 սանտիմետր ասֆալտը, որ բարակ են անում, դրանք միլիարդավոր դրամներ են, սիրելի հայրենակիցներ։ Հիմա ինչ են ասում՝ այդ ասֆալտն էլ քանդվել է, որովհետև աղ ենք շաղ տվել»,-ասաց Դանիելյանը՝ նկատելով որ աշխարհում տեղ չկա, որ ասեն, թե աղ շաղ տալուց հետո «նման խրամատներ կարող են առաջանալ» և մեր հայրենակիցներն այդ խրամատների մեջ ընկնելով անհասանելի են դառնում։
«Քաղաքացիներն անգամ հումորներ են անում՝ ասելով, թե այդ փոսերի մեջ կարելի է ջուր լցնել և ձուկ պահել... Ավելի առաջ են գնացել, հիմա ճանապարհներին տարբեր արգելապատնեշներ են դնում, անվադող, հին սառնարան, ծառ, և սրա հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ վթարվում են, այդ վթարման հետևանքով ստանում են մարմնական վնասվածքներ։ Սիրելի հայրենակիցնե՛ր, ձեր հարկերի հաշվին միլիարդավոր դրամներ մսխվում են ասֆալտի վրա»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։