Մեր ընդունելության քննությունների պատմության մեջ բացառիկ դեպք գրանցվեց. Կրթության փորձագետը՝ միասնական քննությունների առաջին փուլի մասին
Կրթություն, գիտություն
16:35 11/02/2026
Հայաստան

Մեր ընդունելության քննությունների պատմության մեջ բացառիկ դեպք գրանցվեց. Կրթության փորձագետը՝ միասնական քննությունների առաջին փուլի մասին

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրուցում ներկայացրեց  2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների անցկացման հետ կապված մի քանի խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են նաև ուսուցիչները, դիմորդները։

Նախ, ըստ նրա, քննությունը դասապրոցեսին զուգընթաց կազմակերպելն արդեն դժվարություններ է ստեղծում։ Բացի այդ, դպրոցների միջանցքները, դահլիճները սովորաբար չեն ջեռուցվում, ինչն իր հերթին անհարմարություն է առաջացնում։

«Կարևոր է ապահովել նորմալ ջեռուցում, քանի որ եթե երեխան մրսում է, դա ազդում է քննության արդյունքի վրա»,- ասաց Ս.Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է մեկ այլ ահազանգի՝ քննությունների ժամանակ արձանագրվել են տարբեր միջոցներով դիմորդներին օգնելու դեպքեր, Ս.Խաչատրյանն ասաց. «Նախկինում քննությունները կազմակերպվում էին Երևանում, այսինքն կենտրոնացված էր, ամեն ինչ հսկվում էր։ Չէի ասի, թե այս դեպքում ամեն ինչ իդեալական էր,  կենտրոնացումն էլ ուներ կոռուպցիոն ռիսկեր, բայց հասկանալի է, որ ապակենտրոնացումը, երբ որ տարբեր մարզերում են անցկացվում, տարբեր քննական կենտրոններում, վերահսկողությունը դժվարանում է։

Պետք է լավ վերահսկողություն լինի։ Բայց վերահսկողն էլ պետք է արդար լինի, չչարաշահի իր դիրքը։ Մեզանում ընդունված է՝ մարդուն ուղարկում են արդարություն, օբյեկտիվություն ապահովելու, ինքը, օգտվելով այդ հնարավորությունից, առաջինն է ներքաշվում այդ անընդունելի պրոցեսների մեջ»։

Ս. Խաչատրյանն ընդգծեց նաև քննությունները կազմակերպող Գնահատման և թեստավորման կենտրոնի ծանրաբեռնվածությունը. «Վերջին 1-2 տարիներին մեծացել է ԳԹԿ ծանրաբեռնվածությունը։ Եթե նախկինում կազմակերպում էր մեկ քննություն ամռանը,  1-2 ստուգում, հիմա կազմակերպում է երկու քննություն, աշնանը՝ հեռակայի քննությունը, ուսուցիչների կամավոր ատեստացիան։ Երևի պատճառը նաև դա էր, որ «Անգլերեն» առարկայի միասնական քննության ժամանակ խնդիրներ էին առաջացել, թեստերում տեխնիկական սխալներ էին արձանագրվել, որը մեր ընդունելության քննությունների պատմության մեջ բացառիկ դեպք էր։ Կարելի է ասել, որ քննությունը  ձախողվեց»։

Ս. Խաչատրյանը նաև ասաց, որ «Հայոց լեզու» քննության հետ կապված խնդիրներ են մատնանշել մասնագետները.  «Նշվում է՝ առաջադրանքները շտեմարաններից դուրս էին, շեղումներ կային և այլն»։

«Այս հարցերը պետք է վերջնականապես կարգավորել, որովհետև բացի միասնական քննությունների թեստերից, նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերում էլ են լինում սխալներ, վիճելի հարցեր։

Քանի որ Հայաստանում վստահությունը ցածր մակարդակի վրա է, ԳԹԿ-ն փորձում է այս աշխատանքն անել մինիմալ ռեսուրսով, որ շատ մարդ չիմանա, արտահոսք չլինի, բայց հենց այդ հանգամանքը, որ այս աշխատանքն արվում է փոքր ռեսուրսով, արդեն խնդրահարույց է։ Թեստերը կազմելիս՝ պետք է շատ մարդ աշխատի, քանի որ եթե թեստը գրում է 1-2 հոգի, սխալվելու հավականությունը մեծանում է»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա, խնդիրների լուծման ուղղությամբ, բնականաբար, պետությունն անելիք ունի։ Նախ ԳԹԿ-ն համալրման կարիք ունի, քանի որ թույլ տրված սխալները գուցե հենց ծանրաբեռնվածության հետևանք է։  Բացի այդ, Ս. Խաչատրյանի խոսքով, թեստերի կազման ուղղությամբ պետք է լինի մասնագետների վերապատրաստում, թեստաբանությունը գիտություն է, ֆունդամենտալ կրթության է պետք։ 

«Թմբկահարում են, թե շատ փող ենք տալիս կրթությանը, գիտությանը, բայց մարդկային կապիտալի այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսինն է վերապատրաստումը, մասնագիտական կրթությունը, շարունակում են շատ վատ ֆինանսավորվել։ Այդ ոլորտներում պետք է մեծ ներդրումներ անել։

Վերապատրաստումների վրա չպետք է գումար խնայել»,- ընդգծեց մասնագետը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները կարող են կրկին քննություն հանձնել մարտի 1-ին։ Հայտագրման գործընթացը սկսվել է փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին»: 

Մանրամասն՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder