Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունն այսօր կընդունի մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը
Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի «Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» որոշումը։
Հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի գործող օրենսդրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում հիմնականում կարգավորում է օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա՝ սահմանելով վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ։ Իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծի ընդունումը ստեղծում է իրավական հիմք.
-Մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների գնահատման նորարար մեխանիզմների ներդրման,
-Գյոթեբորգի արձանագրության հետագա վավերացման նախադրյալների ձևավորման,
-Միջազգային չափանիշներին համահունչ գիտական և մոնիթորինգային մոտեցումների ամրագրման համար։
Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով առաջացող թթվայնացման, էվտրոֆացման և ծծմբի օքսիդով (SO2) և ազոտի օքսիդներով (NOX) աղտոտման ռիսկերի ժամանակին գնահատումը, տվյալ էկոհամակարգի կրիտիկական բեռնվածության հաշվարկումն ու սահմանումը հնարավորություն կտա կառավարելի և վերահսկելի դարձնել էկոհամակարգերի կայուն զարգացումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառմամբ կանխարգելել էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտումը։ Նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21–ի 2008/50/ԵՄ «Մթնոլորտային օդի որակի ու Եվրոպայում առավել մաքուր օդի մասին» հրահանգի 14-րդ հոդվածը (մոտարկումը մասնակի է, միայն 1 հոդվածի մասով), ինչպես նաև այդ հրահանգը փոփոխող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի 2024/2881/ԵՄ «Շրջակա միջավայրի օդի որակի և Եվրոպայի համար ավելի մաքուր օդի վերաբերյալ» հրահանգի բովանդակային առումով համապատասխանող 14-րդ հոդվածով սահմանված I-ին հավելվածի 3-րդ բաժինը, իսկ 14-րդ հոդվածով սահմանված IV հավելվածի Ա կետի 1-ին և Բ կետի 3-րդ կետերով սահմանված դրույթները, մասնավորապես աղտոտվածության չափման մեթոդների, ստանդարտացված չափման մեթոդների, աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ դրույթները ներառված են Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշման հավելվածում, (մոտարկումը մասնակի է, միայն 14-րդ հոդվածով սահմանված I հավելվածի 3-րդ բաժին), որի նպատակն է սահմանել մթնոլորտային աղտոտիչների այն սահմանային արժեքները, որոնք չեն առաջացնում զգալի վնաս բնական էկոհամակարգերի համար։
Նախագծով առաջարկվող մեթոդաբանություններն սահմանվում են UNECE ICP (International Cooperative Programmes) գիտական հանրույթի կողմից՝ (ICP Forests, ICP Waters, ICP Vegetation, ICP Modelling and Mapping)։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող.
-հողի թթվայնացում,
-ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման,
-բուսականության վնասում,
-կենսաբազմազանության նվազում։
Նախագիծը ներառում է՝
-աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների,
-էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա,
-ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ,
-տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.
-իրականացնել բնական էկոհամակարգերի գիտականորեն հիմնավորված գնահատում,
-հայտնաբերել ռիսկային և առավել զգայուն տարածքները,
-հիմք ստեղծել աղտոտիչների արտանետումների կառավարելի քաղաքականության մշակման համար,
-ապահովել միջազգային պարտավորությունների կատարում և տվյալների համադրելիություն։
Վերահսկելի և կառավարելի կդառնա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգի վրա։