Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Աշխատավարձի բարձրացում 100 % չի լինելու»․Ախթալայի գործադուլը կշարունակվի Երևանում՝ Կառավարության շենքի մոտ
Ավելի քան մեկ ամիս է գործադուլ իրականացնող քաղաքացիները Ախթալայից կտեղափոխվեն Երևան՝ Կառավարության շենքի մոտ բարձրայնելու իրենց պահանջները և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու աշխատավորների խնդիրներին։
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Համայնքային համախմբում և աջակցություն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Ախթալայում աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլ անող լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները նախատեսում են Կառավարության շենքի մոտ շարունակել գործադուլը։
«Այս ընթացքում հանդիպումներ են եղել, բանակցություններ են եղել,սակայն որևէ առաջընթաց չկա։ Միայն գիտենք՝ գործադուլավորների անունից դիմում է ներկայացվել Աշխատանքի և առողջապահության տեսչություն։ Այլ վայրերից ընկերությունը աշխատակիցներ է ընդունել, ընկերության աշխատանքները շարունակվում են»,-ասաց Դուլգարյանը՝ հավելելով, որ գործադուլ անող քաղաքացիների պահանջները դեռ չեն բավարարվել։
«Որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այսինքն՝ փակուղում է հարցը»։
Հիշեցնենք, որ Ախթալայում հանքափորները հունվարի 15-ից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Որևէ փոփոխություն չի եղել։ Երկու կողմերը վերջին անգամ հանդիպել են մոտ մեկ շաբաթ առաջ Ախթալայի համայնքապետարանում։ Ալավերդու համայնքի ղեկավարը եկել էր, միջնորդավորված հանդիպումը տեղի ունեցել ԼՀԿ-ի ղեկավարության կողմից։ Առաջարկվել է աշխատանքային պայմանների բարելավում՝ տրանսպորտ, լոգարան, արտահագուստ, նմանատիպ հարցեր,սակայն ֆինանսական հարցի շուրջ համաձայնության չեն եկել։ ԼՀԿ-ի ղեկավարությունն ասել է, որ բարձրացում 100 % չի լինելու և այդպես համաձայնության չեն եկել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գործադուլի աջակից Սասուն Վարդումյանը։
Նրա փոխանցմամբ՝ կոմբինատը դեռ շարունակում է աշխատանքը, թեև ոչ արդյունավետ։
«Այլ տեղերից, հիմնականում՝ Վարդենիսից շուրջ 10-15 հոգի մարդիկ եկել են, տեղափոխվել են Ախթալա և աշխատում են էս մեր տղաների փոխարեն»,- հավելեց նա։