Ձյան ու բքի պատճառով Սիսիանից քննական կենտրոն չհասած 40 դիմորդները վաղը քննություն կհանձնեն
Կրթություն, գիտություն
16:09 20/02/2026
Հայաստան

Ձյան ու բքի պատճառով Սիսիանից քննական կենտրոն չհասած 40 դիմորդները վաղը քննություն կհանձնեն

Հունվարի 24-ին մեկնարկել էին 2026թ. միասնական քննությունների առաջին փուլը։ Այս օրը դիմորդները միասնական քննություն էին հանձնել «Հայոց լեզու և գրականություն»  առարկայից։  Առատ տեղումների ու ձնաբքի  հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից  40 դիմորդներ չէին կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու քննությանը։ Panorama.am-ին ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ փետրվարի 21-ին այդ 40 դիմորդը քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն»  առարկայից։ 

«Քանի որ հունվարի 24-ին 40 դիմորդներ  եղանակի պատճառով Սիսիանի տարածաշրջանից չէին կարողացել հասնել Գորիսի թիվ 2-րդ հիմնական դպրոցի քննական կենտրոն, որոշում կայացվեց իրենց համար կազմակերպել քննություն, որպեսզի իրենք ևս օգտվեն տարվա մեջ երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից։ Վաղն այդ 40 դիմորդը քննություն կհանձնեն Հայոց լեզու և գրականություն» առարկայից»,- ասաց Խ. Գրիգորյանը։

Քննությունը մեկնարկելու է 11.30-ին, տևելու է 3 ժամ։ Քննության ավարտից մի քանի ժամ անց ԳԹԿ կայքում կտեղադրվեն քննության թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Քննության արդյունքները հայտնի են լինում քննության 5-րդ օրը, բայց քանի որ այս դեպքում դիմորդները փոքր խումբ են կազմում, գուցե 1-2 օրից միավորները հայտնի լինեն»,- ասաց Խ. Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտվել է փետրվարի 8-ին։ Սակայն մարտի 1-ին կազմակերպվելու է «Անգլերեն» առարկայի միասնական քննություն, քանի որ հունվարի 31-ին կազմակերպված միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder