Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձյան ու բքի պատճառով Սիսիանից քննական կենտրոն չհասած 40 դիմորդները վաղը քննություն կհանձնեն
Հունվարի 24-ին մեկնարկել էին 2026թ. միասնական քննությունների առաջին փուլը։ Այս օրը դիմորդները միասնական քննություն էին հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Առատ տեղումների ու ձնաբքի հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից 40 դիմորդներ չէին կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու քննությանը։ Panorama.am-ին ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ փետրվարի 21-ին այդ 40 դիմորդը քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։
«Քանի որ հունվարի 24-ին 40 դիմորդներ եղանակի պատճառով Սիսիանի տարածաշրջանից չէին կարողացել հասնել Գորիսի թիվ 2-րդ հիմնական դպրոցի քննական կենտրոն, որոշում կայացվեց իրենց համար կազմակերպել քննություն, որպեսզի իրենք ևս օգտվեն տարվա մեջ երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից։ Վաղն այդ 40 դիմորդը քննություն կհանձնեն Հայոց լեզու և գրականություն» առարկայից»,- ասաց Խ. Գրիգորյանը։
Քննությունը մեկնարկելու է 11.30-ին, տևելու է 3 ժամ։ Քննության ավարտից մի քանի ժամ անց ԳԹԿ կայքում կտեղադրվեն քննության թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Քննության արդյունքները հայտնի են լինում քննության 5-րդ օրը, բայց քանի որ այս դեպքում դիմորդները փոքր խումբ են կազմում, գուցե 1-2 օրից միավորները հայտնի լինեն»,- ասաց Խ. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտվել է փետրվարի 8-ին։ Սակայն մարտի 1-ին կազմակերպվելու է «Անգլերեն» առարկայի միասնական քննություն, քանի որ հունվարի 31-ին կազմակերպված միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը: