Բժիշկը պետք է ականջը թողնի պացիենտի մոտ, մատները՝ ստեղաշարի վրա ու այդ ռեժիմով աշխատի. Գևորգ Գրիգորյան
Առողջություն
13:54 23/02/2026
Հայաստան

Բժիշկը պետք է ականջը թողնի պացիենտի մոտ, մատները՝ ստեղաշարի վրա ու այդ ռեժիմով աշխատի. Գևորգ Գրիգորյան

«Մենք խելոք աշխատող բուժաշխատողներ ենք, բայց պահն այնքան օրհասական է դարձել, որ արդեն իսկ աշխատանքից բացի դուրս ենք եկել հասարակական գործունեության, շահերի պաշտպանության։ Բավականին տհաճ է»,- Panorama.am-ի հեը զրույցում ասաց բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նա նշեց, որ 10 տարուց ավելի կրթություն չեն ստացել, որ  դուրս գան պայքարի, նամակներ հանձնեն պետական մարմիններին և այլն։

«Մեզ համար պետք է պայմաններ ստեղծվեն, որ մենք աշխատենք, իսկ եթե նախարարությունը չի կարողանում, ապա թող այնպիսի աշխատակազմ լինի, որը կարողանա այդ պայմանները ստեղծի»,- ասաց Գ.Գրիգորյանը։

Նշենք, որ այսօր բժիշկները հավաքվել էին ԱԺ դիմաց՝ նամակ հանձնելու ԱԺ նախագահին, խորհրդարանական բոլոր խմբակցություններին ՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով:

Հարցին՝ ակնկալիք ունեն ԱԺ-ից, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց. «Լիահույս եմ, որ այդպես կլինի։ Ունենք իշխանական, ընդդիմադիր խմբակցություններ։ Գոնե  մեկը պետք է  լսի, չէ՞, բուժաշխատողի ցավով ապրի։ Բուժաշխատողն էլ է ընտրող, իրենք էլ են քվե տալու։

Եկեք, ձեր պարտականություններն իրականացրեք, այնպես արեք, որ գան ու ձեզ ընտրեն»,- ասաց Գ.Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է առողջության ապահովագրության համակագի հետ կապված հիմնական խնդիրներին, Գ. Գրիգորյանի խոսքով, դեմ է, որ ԱՐՄԵԴ համակարգը թիրախավորեն, քանի որ այն մասնավոր օպերատոր է, պատվիրակում են ծառայություն, մարդիկ էլ ինչքան կարողանում են, անում է։

«Բայց այն, որ  բժիշկը նաև պետք է հասցնի հիվանդին ընդունելու ընթացքում նաև գրագրություն անել, իրոք, գրեթե նոնսենս է, չենք հասցնի համ գրագրություն անել, համ  պացիենտին լսել, նշանակում է՝  պետք է ականջը թողնել պացիենտի մոտ, մատները՝ ստեղաշարի վրա ու այդ ռեժիմով աշխատել, ինչին բժիշկները սովոր չեն։ Բացի այդ, երբ որ պացիենտը գալիս է բժշկի,  կարեկանցք է ուզում, փոխըմբռնում, ոչ թե ուզում է  տեսնել բժիշկ, ով համակարգի վրա կենտրոնացած՝ հավաքագրում է իր տվյալները»,- ասաց Գ.Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder