Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակակառուպցիոն կոմիտեի քրեական գործերով 2025թ-ին դատի է տրվել 298 հանրային ծառայող. Արթուր Նահապետյան
«Կոմիտեի վարույթում քննվել է 2585 գործ, որից ավարտվել է 890-ը։ Ավարտված 273 վարույթներով 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործերն ուղարկվել են դատարան, իսկ 617 դեպքով կարճվել է»,-ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով 2025 թ. կոմիտեի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Նա հավելեց, որ դատարան հասած գործերի միայն 4-4.5 %-ի վերաբերյալ են արդարացման որոշումներ կայացվել։
Կոմիտեի նախագահի խոսքով մեղադրական եզրակացություններով դատարան ուղարկված քրեական գործերով դատի է տրվել 298 հանրային ծառայող։
«Բացահայտման առումով ունենք դրական դինամիկա և համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ»,-ասաց Արթուր Նահապետյանը։
Կոմիտեի նախագահը նշեց, որ կոռուպցիայի դեպքերի բացահայտումները վերաբերում են նաև գործող պաշտոնյաներին։
«Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներ են, այլ գործողները»,-հայտնեց Նահապետյանը։
Նա հավելեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում բացված թեժ գծին ամեն ամիս ստացվում են հարյուրավոր զանգեր և երաշխավորում են դիմողների գաղտնիությունը, դրանց հիման վրա էլ կան նաև հարուցված քրեական վարույթներ։