Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։
«Դատարանն անցում չի կատարել հիմնական դատալսումների, չեն հետազոտվել ապացույցները, որոնք հնարավորություն կտային որոշակի առումով խոսելու մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկերի չեզոքացման, նվազեցման առնչությամբ։ Դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը շարունակում է առկա համարվել, ընդ որում դրա չեզոքացմանը հնարավոր է հասնել բացառապես ամենախիստ խափանման միջոցի շարունակականությամբ»,- ասաց դատավորը։
Դատարանը թույլ տվեց Վարդան Ղուկասյանին բուժզննում անցնել բժշկական կենտրոնում։
«Մարտի 9-ից պետք է կազմակերպվի մեղադրյալի բուժհաստատություն տեղավորելն ու համապատասխան հետազոտությունների իրականացնումը, ինչից հետո դատարանի աշխատակազմը կխնդրի փորձագետներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել փորձաքննության եզրակացություն»,- ասաց դատավորը։
Ըստ մեղադրական եզրակացության. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք»: