Ժաննա Անդրեասյանն առանց միջադեպերի շրջել է Լոռու մարզի նորակառույց կրթական հաստատություններում
Կրթություն, գիտություն
22:40 10/03/2026
Հայաստան

Ժաննա Անդրեասյանն առանց միջադեպերի շրջել է Լոռու մարզի նորակառույց կրթական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ  նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։

«Նախարարը Վանաձորում և մարզի մի շարք այլ համայնքներում ծանոթացել է կրթական, մարզական և պատմամամշակութային հաստատություններում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին:

Նախարարին ուղեկցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:

Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցն էր։ Դպրոցի շենքը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ` Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում:

Հաջորդաբար նախարարն այցելել է Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են վերանորոգման ակտիվ աշխատանքներ, ուսումնական նոր գույքը ևս դպրոցն արդեն ստացել է:

Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում նախարարը հետևել է շենքի վերակառուցման ընթացքին, ծանոթացել շինարարական աշխատանքների փուլերին և իրականացվող տեխնիկական լուծումներին։ Քննարկվել են նաև դպրոցական ենթակառուցվածքների արդիականացման, ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման, լաբորատորիաների և ուսումնաօժանդակ տարածքների կահավորման հարցերը։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, ծանոթացել է շենքի հիմնանորոգման ընթացքին, լսարանների, արհեստանոցների և գործնական ուսուցման համար նախատեսված տարածքների վերանորոգման աշխատանքներին։

Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի քաղաքային մարզադաշտն էր։ Այստեղ նա ծանոթացել է մարզադաշտի վերակառուցման նախագծին, քննարկել նախագծային լուծումները, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված ծրագրերը։ Վերակառուցման արդյունքում նախատեսվում է ստեղծել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի՝ շուրջ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտ:

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց, որտեղ տեղում ծանոթացել է շենքի ներկայիս վիճակին, առկա ենթակառուցվածքներին և մարզական գործընթացի կազմակերպման պայմաններին։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մարզադպրոցի մարզիչներին և աշխատակիցներին՝ տարիներ շարունակ սեփական ջանքերով և նվիրվածությամբ մարզումները շարունակելու համար։ Նա նշել է, որ մարզահամալիրն անցնում է պետության ենթակայության ներքո, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առկա խնդիրներին համակարգված լուծումներ տալ և ապահովել մարզադպրոցի լիարժեք գործունեությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder