Պատերազմի հետևանքով նավթի գների բարձրացումը նաև ԱՄՆ-ին է ձեռնտու. Մանվելյան
Քաղաքական
17:18 10/03/2026
Տարածաշրջան

Պատերազմի հետևանքով նավթի գների բարձրացումը նաև ԱՄՆ-ին է ձեռնտու. Մանվելյան

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների ընթացքում ավելի հաճախ են թիրախավորվում տնտեսական օբյեկտները։ Միտումն ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների և համաշխարհային տնտեսության համար՝ հաշվի առնելով փաստը, որ Իրանը ինտենսիվացնում է հարվածները տարածաշրջանի բոլոր երկրներին, որտեղ կան ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական և տնտեսական թիրախները։ Վերոնշյալ հարցի շուրջ Panorama.am-ը զրուցել է միջազգայնագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։

Ա. Մանվելյան-Դա արվում է նրա համար, որ Իրանն էլ պատասխան հարված տա արաբական երկրների նավթային ենթակառուցվածքներին։ Սա կբերի նավթի գնի թանկացման։ Տեսնում ենք, որ գինը հասավ մեկ բարելի դիմաց 110 դոլարի։ Այսօր ընկել է մինչև 90 դոլար, բայց օրվա ընթացքում էլի կբարձրանա։ Այսինքն՝ այս խուճապային տրամադրություններն ուժեղացնելու համար է արվում, շուկայի վրա որոշակի ճնշումներ գործադրելու համար էլ։ Սա է նպատակը, որովհետև մինչ այդ կար այն կարծիքը, որ նավթային ենթակառուցվածքներին չեն հարվածի, որպեսզի նավթի գները չբարձրանան, բայց ես այդ կարծիքը երբեք չեմ կիսել։ Հակառակը, ես այն համողման եմ եկել, որ սկսելու են ենթակառուցվածքներին հարվածելը, որովհետև նավթի գների բարձրացումը նաև Միացյալ Նահանգներին է ձեռնտու, այն բխում է իր քաղաքական շահերից։

Panorama.am –Ինչո՞ւ։

Ա. Մանվելյան-Նավթը միակ ապրանքն է, որը վաճառվում է միայն դոլարով։ Այսինքը՝ նավթի գնի բարձրացումը կբերի դոլարի նկատմամբ պահանջարկի աճի։ ԱՄՆ-ը ներկայում գտնվում է շատ ծանր ֆինանսական վիճակում և նրան պետք է, որ «դոլար» կոչվող թուղթ տպի ու վաճառի, և նավթի գների բարձրացումը բերում է դրան։ Նախկինում որևէ երկիր եթե 10 մլդ դոլար էր ծախսում, հիմա ստիպված է ծախսել 13-15 մլրդ դոլար նույն քանակի նավթ գնելու համար։ Այսինքը, դոլարի պահանջարկը բերելու է ԱՄՆ-ից նրա վաճառքի ավելացման։ Ամերիկային ձեռք է տալիս նավթին հարվածելը, գները բարձրացնելը, որովհետև Ամերիկյան նավթը բավականին թանկ է։ Ամերիկան էլ է բավականին խոշոր նավթ արտադրող և արտահանող, բայց իր նավթը մրցակից չէ Պարսից ծոցի կամ ռուսական նավթին, որովհետև այն շատ ավելի թանկ է։ Իսկ հիմա, երբ նավթի գները բարձրանում են, իր ընկերությունները դառնում են եկամտաբեր, սկսում են մեծ շահույթներ ստանալ, սա նույնպես ԱՄՆ-ին ձեռնտու է։

Panorama.am-Իրանն էլ իր հերթին հարվածում է ԱՄՆ-ի հետ փոխկապակցված ընկերությունների տնտեսական ենթակառուցվածքներին։ Եթե զարգացումներն այս տրամաբանությամբ շարունակվեն, հնարավոր համարում եք հարվածը նաև Բաքու-Ջեյհան նավթատարին։

Ա. Մանկվելյան-Բաքու-Ջեյհանին հարվածելու մասին չեմ կարող ասել, բայց եթե Իրանը նկատի, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործում է իր նկատմամբ հետախուզական որոշակի նպատականերով, ապա կհարվածի իսրայելական այն կենտրոնին, որի մասին Թեհրանը վերջերս զգուշացրեց։ Նա հորդորեց հեռացնել իսրայելական բոլոր կենտրոններն իր երկրից, հակառակ դեպքում դրանք կթիրախավորվեն։ Ես համոզված եմ, որ եթե նրանք նկատեն, որ Իսրայելը շարունակում է ակտիվ լինել իրենց տարածքում, ապա Ադրբեջանի տարածքն էլ հարվածների կենթարկվի։

Panorama.am-Մերձավոր Արևելքը բացի նավթարդյունահանումից, նաև ավելի շատ տուրիստական կենտրոն է և այնտեղ պատերազմ է ընթանում, որը ահռելի հարված է տարածաշրջանային երկրների տնտեսություններին, արդեն տեղի բնակիչները սկսել են ոսկին էժան վաճառել։

Ա. Մանվելյան-Տարածաշրջանի բոլոր երկրների համար պատերազմն աղետաբեր է, թե տնտեսական, քաղաքական, ռազմական և թե բոլոր առումներով։ Պարսից ծոցի արաբական երկրները և Իրանն ամենամեծ վնասները կրողներն են, հետևաբար այն իրենց համար աղետաբեր է։ Այն ձեռնտու է Իսրայելին և Միացյալ Նահանգներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատերազմի հետևանքով նավթի գների բարձրացումը նաև ԱՄՆ-ին է ձեռնտու. Մանվելյան