Քաղաքապետարանը գերակատարել է եկամուտները չավարտված շենքերի գույքահարկերից ստացած գերավճարներով, որը պետք է հետ վերադարձնի
Տնտեսություն
11:46 16/03/2026
Հայաստան

Քաղաքապետարանը գերակատարել է եկամուտները չավարտված շենքերի գույքահարկերից ստացած գերավճարներով, որը պետք է հետ վերադարձնի

«Սույն թվականի հունվար-փետրվարին 12.9 մլրդ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 14.5 մլրդ դրամ, գերակատարումը ավելի քան 1.5 մլրդ դրամ է»,-քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։

Նա նշեց, որ սեփական եկամուտները հիմնականում ապահովվել են անշարժ գույքի հարկից (23%), շինթուլտվություններից (16%), փոխադրավարձից (15%) և աղբահանությունից (9 %)։

«Գերակատարումն հիմնականում ապահովվել է չավարտված բազմաբնակարան բնակելի շենքերի համար անշարժ գույքի հարկի վճարումներով»,-հայտնեց Հակոբյանը՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է 3.7 մլրդ դրամ։

Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ գործընթացի մեջ է ավագանու կողմից ընդունած որոշմամբ չավարտված շենքերի համար գույքահարկի դրույքաչափի զեղչման ծրագրի իրականացումը։

 Հակոբյանն ասաց, որ Կադաստարի կոմիտեի հետ քննարկում են ծրագիրը, որի արդյունքում կրկին գերավճարներ կարող են առաջանալ քաղաքապետարանի բյուջեում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder