Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու. Սամվել Կարապետյան
Քաղաքական
14:52 18/03/2026
Հայաստան

Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու. Սամվել Կարապետյան

«Ժամանակն է  ուժեղ խաղաղության։ Վաղը ուշ է լինելու։ Հանրահայտ կանոն է՝ պատերազմը  գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ»,-«Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին ներկայացված տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նշենք, որ տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։

Ս. Կարապետյանը նշում է, որ թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը։

«Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով։ Ես հաճախ եմ մտածում՝ ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքին հասնելը լինի վստահության, ոչ թե  վախի պատճառ։ Մենք մշակել ենք «Ուժեղ խաղաղություն» համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության  ոլորտի միջազգային փորձագետների հետ։ Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի երեք  հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն, տնտեսական անկախություն։

Հենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան»,- ասում է Ս.Կարապետյանը։ 

Նա ընդգծում է՝ հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը ևս։

«Հետևաբար Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում, անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը, արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին՝ պաշտպանված։

Հայ ժողովրդին պատուհասած վերջին պատերազմները ցավալիորեն ապացուցեցին՝ դու չես կարող հաղթել հողի վրա, եթե երկինքդ պաշտպանված չէ։ Մեր օրոք Հայաստանի երկինքը պաշտպանված է  լինելու գերժամանակակից, բազմաշերտ հակաօդային և հակադրոնային համակարգերով։

Ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հենքը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիապես արագ զարգացող և առաջադեմ բանակը։ Արժանապատիվ զինծառայությունը, դրանից հետո  զինծառայողին արժանավայել կյանքը մեզ համար առաջնահերթություն է»։

Նա ասում է, որ իրենց իշխանության օրոք Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ, ուժեղի դիրքից, իրենց արտաքին քաղաքականությունը կլինի  պրագմատիկ, հավասարակշռված։

«Արևելքի և Արևմուտքի միջև մեր վարած բանակցությունները կլինեն հստակ՝ պահպանելով մեր կարմիր գծերը։ Մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով կապերն այլ  գերտերությունների ու երկրների հետ։

30  տարի բիզնեսում ինքս նախ սովորել, իրացրել եմ հմտություններս՝  բանակցելու ուժեղի դիրքերից, հաստատել եմ կապեր աշխարհի տարբեր կենտրոններում։  Այդ փորձն ու միջազգային կապերը  ծառայեցնելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

Մեր թիմն արդեն աշխատում է Սփյուռքի հետ՝ վերածելով հուզական աջակցությունը  ռազմավարական գործիքի՝ միջազգային ազդեցությամբ, ենթակառուցվաքների և երկարաժամկետ ներդրումներով։

Տարածաշրջանի հետ մեր կապերը կհիմնվեն փոխշահավետության սկզբունքի վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը ձեռք չի բերվում թուլությամբ, այլ ամրագրվում է  ուժով։ Մենք առաջարկում ենք ուժեղ, մնայուն խաղաղություն, Հայաստանը պետք է դադարեցնի  «խաղաղություն աղերսելու» քաղաքականությունը և անցնի «Առաջնայինը՝  Հայաստանը և մեր շահերը քաղաքականության»։

Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, նա այն կկառուցի սեփական ուժերով, թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,- իր ելույթում ասում է Սամվել Կարապետյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու. Սամվել Կարապետյան