Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը. Թանդիլյանը՝ Արմինե Օհանյանին ՔԿ հրավիրելու մասին
Քաղաքական
08:47 18/03/2026
Հայաստան

Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը. Թանդիլյանը՝ Արմինե Օհանյանին ՔԿ հրավիրելու մասին

«Խստորեն դատապարտում եմ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը»,-նշում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Նա ընդգծում է, որ այս իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում մեր հասարակության, իսկ այս դեպքում՝ ազատ խոսքի իրավունքի վրա։

«Սա հետևողական փորձ է սահմանափակել խոսքի ազատությունը՝ դրա ցանկացած դրսևորում պիտակավորելով որպես «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ»։

Տարիներ առաջ գրված նյութը հանկարծ վերածվում է քրեական հետապնդման առարկայի, ճիշտ այն նույն ձեռագրով, ինչպես տարիներ անց որոշվեց իրավապահ համակարգի միջոցով պատժել Միքայել Սրբազանին՝ ըստ ընդդիմախոս խոսքը լռեցնելու քաղաքական նպատակահարմարության։

Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը՝ այն վերածելով Փաշինյանի երկրպագուների ակումբի, առանց որի դուրս կթռչես համակարգից։

Բայց հիշեք. Փաշինյանը գնալու է, դուք՝ մնալու, մի գործեք ձեր խղճի դեմ, դա չի ներվելու։

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Արմինե Օհանյանին։ Կասկած չունեմ, որ ձեր բոլոր շինծու վարույթները փշրվելու են՝ խոսքի ազատությունը մասնագիտական հավատամքի վերածած խմբագիր Արմինե Օհանյանի անդրդվելի տեսակին բախվելով»,-նշում է քաղաքական գործիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը. Թանդիլյանը՝ Արմինե Օհանյանին ՔԿ հրավիրելու մասին