Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նույն մարդիկ սակայն որևէ կերպ չեն մտահոգվում, երբ Ադրբեջանը «կախվում» է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակա բարձրունքների. Վերլուծաբան
«Որքան հետեւում եմ, Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի՝ անվտանգության վերաբերյալ միջազգային փորձագիտական քննարկումների շրջանակ իսրայելցի նախկին զինվորականի ներգրավումը շարունակում է լինել դիտարկումների առարկա, որոնք նկատելիորեն միտված են ավելի շուտ մանիպուլյացիայի, քան լուրջ գնահատումների: Մասնավրապես, եզրահանգումը այն է, թե՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանի անվտանգության հարցերը վստահել իսրայելցու, չէ՞ որ գիտենք Իսրայել-Ադրբեջան հարաբերությունը»,-նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է՝ առաջին հայացքից թվում է տրամաբանական մտահոգություն: Նույն մարդիկ սակայն, որեւէ կերպ չեն մտահոգվում օրինակ, երբ Ադրբեջանը «կախվում» է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակա բարձրունքների, Հայաստանի անգամ քաղաքային բնակավայրերի վրա: Ավելին, դարձել են Ադրբեջանի հետ հաշտության մոլի ջատագով:
«Նույն մարդիկ օրինակ չեն մտահոգվում, երբ Հայաստանի կառավարությունը տասնյակ մարդկանցից բաղկացած խմբերով էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի սահմանային դիրքերի ամրաշինական կառույցներ: Այյդ մտահոգ մարդկանցից որեւէ մեկը չի հարցնում՝ իսկ երբ տասնյակ մարդկանցից կազմված բազմաթիվ խմբեր եք տանում այդ կառույցներ, նրանց «ուղն ու ծուծը» ստուգու՞մ եք, նրանց անձնական կապերի համակարգը ստուգու՞մ եք՝ թե օրինակ ինչ շփումներ ունեն կյանքում եւ սոցցանցային հարթակներում: Նրանցից ստորագրություն վերցնու՞մ եք, որը կպարտավորեցնի բացարձակ լռություն՝ լսածի ու տեսածի մասին: Թե՞ հակառակը, էքսկուրսիաները կազմակերպվում են հենց դրա համար, որ տեսնենք ու առավելագույնս խոսեն:
Չգիտես ինչու, իսրայելցի փորձագետի ներգրավման մասին մտահոգներից որեւէ մեկը որեւէ մտահոգություն չի հայտնել այդ առավել էական ու առարկայական խնդրի մասին՝ Հայաստանի պաշտպանական դիրքեր կազմակերպվող զանգվածային էքսկուրսիաների մասին:
Այն դեպքում, երբ պարզից պարզ է, որ օրինակ Սամվել Կարապետյանի թիմում ձեւավորված այդ միջազգային փորձագիտական շրջանակով քննարկման մասնակիցները «ի բնե» չեն կարող տիրապետել Հայաստանի անվտանգության համակարգի որեւէ փակ ինֆորմացիայի, որեւէ ոչ հրապարակային, ոչ հանրային ինֆորմացիայի, քանի որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը իշխանության կարգավիճակ չունի եւ այդպիսի ինֆորմացիայի հասանելիություն ունեցող կամ կրող չէ:
Իսկ փորձագիտական կարծիքի ներգրավումը կարեւոր է միշտ, իհարկե եթե չի պարունակում շատ հստակ ու առարկայական ռիսկ: Բայց, որքան կարելի է հասկանալ, Կարապետյանը չի հայտարարել այդ օտարերկրյա փորձագետներին, այդ թվում իսրայելցի նախկին զինվորականին Հայաստանում պաշտոնի նշանակելու մտադրության մասին: Նա ընդամենը ներգրավված է անվտանգության կոնցեպտի շուրջ փորձագիտական աշխատանքի համար, որպես իհարկե այդ հարցում ահռելի ուսանելի փորձ ունեցող երկրի ներկայացուցիչ:
Իսկ սովորել, ինչպես ասում են, պետք է անգամ թշնամուց:
Ինչու՞ եմ շոշափում այս թեման: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես է այն ծառայում հասարակության դեմ հերթական մանիպուլյատիվ արշավը իրականացնելու գործին: Իսկ ես իմ հանրային գործի կարեւոր բաղադրիչ եմ համարում հենց հանրությանը այդօրինակ պրիմիտիվ քարոզչական հնարքներից պաշտպանելը: Այլ կերպ ասած, միայն պրիմիտիվության դեպքում է հնարավոր այս մեկնաբանությունս դիտարկել իբրեւ Կարապետյանի պաշտպանություն: Հարցը հասարակությանը մանիպուլյատիվ ներգործություններից պաշտպանելն է»,-գրում է Բադալյանը։