Ուժեղ խաղաղության դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
10:25 27/03/2026
Հայաստան

Ուժեղ խաղաղության դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու. Նարեկ Կարապետյան

«Սամվել Կարապետյանը վերջին 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանում, նաև Արցախում, սակայն տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն չի լինում»,- Գորիսում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա  մանրամասն ներկայացրել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն. «Հայաստանում վերջին 30-35 տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր ղեկավարներ, բոլորի հետ Սամվել Կարապետյանը հանդիպել ու ասել է մի բան՝ շարունակելու է աջակցել իր հայրենիքին։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան, տասնյակ միլիոնների նեդրում է արել Արցախում,  բայց տեսնում ենք՝ մի ստորագրությամբ  կորցնում ենք այն, ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում, մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում»։

Ն. Կարապետյանի խոսքով, երկրի այս ղեկավարությունը վերցնում է  լրիվ այլ ուղի, վերցնում է  գլուխը կախելու ուղի, որի ծայրը չի երևում, սկսում է  եկեղեցու դեմ արշավ, հայտարարում է՝ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու, ինչը նշանակում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի ճանաչելու։

Նա նշել է, որ երկու ձևի խաղաղություն կա՝ թույլ և ուժեղ. «Թույլ խաղաղությունն այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ։ Էլ պահանջ չկա, որ ունենա հարևան երկրի ղեկավարը։ Ինչ ուզել է, ստացել է, վերջին պահանջն է մտածել՝ այստեղ պետք է գան այն մարդիկ, որոնք Գորիսում երբեք չեն ապրել։ Գան, սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։

Ուժեղ խաղաղությունն այն խաղաղությունն է, որի դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու»։

Ն. Կարապետյանի խոսքով, պետք է երկիրը ունենա ուժեղ ղեկավար, որ այդ ղեկավարը ունենա կապեր. «Երկիր կա, որտեղ որոշումը կայացնում են համակարգում տարբեր մարդիկ, որոնց հետ պետք է երկիրը պայմանավորվի․ մեծ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի վարչապետը չունի այդ միջոցները։ Դա գրառում գրելով չի։ Հայաստանից դուրս նա անդեմ է, ուժ չունի, չի կարող մեր երկրին ուժեղ խաղաղություն ապահովել»։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է  նրանց հետաքրքրող հարցերին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ խաղաղության դեպքում մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու. Նարեկ Կարապետյան