Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։
Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում և ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։
Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին և ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում։ Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել, երեկ նաև գրառում էր արել. «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով: ...Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։