Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, իսկ մայրիկի դիմումը քննարկման փուլում է. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:49 07/04/2026
Հայաստան

Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, իսկ մայրիկի դիմումը քննարկման փուլում է. Ժաննա Անդրեասյան

«Մենք ստացել ենք դիմումը և այն սահմանված կարգով քննարկման փուլում է։ Առաջիկայում կպատասխանենք»,-  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՛նչ փուլում է Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի մոր՝  Գայանե Մինասյանի՝ իրեն ուղղված  երաշխավորության խնդրագրի քննարկումը։ 

Ժ. Անդրեասյանը նշեց, որ  պատշաճ ժամանակին կարձագանքեն։ Հարցին՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը, արդյո՞ք երկար չեն քննում դիմումը, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք դեռևս այն փուլում ենք, որ ձեր հարցը շատ տեղին չեմ համարում, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել և դա էլ, կարծում եմ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերի ենք անդրադառնում և պատշաճ ժամանակին կարձագանքենք»։

Նա նշեց, որ Դավիթի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, որովհետև օրենսդրությունը նախատեսում է բոլոր հնարավորությունները կրթության իրավունքն ապահովել նաև նման իրավիճակներում. «Մենք առաջին իսկ օրից արդարադատության նախարարության գործընկերների հետ կապի մեջ ենք եղել, որպեսզի կրթության իրավունքի ապահովումը տեղի ունենա և շարունակականություն լինի։

Կարծում եմ՝ այն պահին, երբ առողջական վիճակը դա թույլ կտա, հենց այդ պահից էլ կրթության իրավունքը կապահովվի, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ Գայանե Մինասյանը խնդրել էր Ժաննա Անդրեասյանին երաշխավոր հանդես գալ որդու կալանքի որոշումը փոխելու համար։

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։ 

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder