Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չգիտես ինչու՝ նախաքննության փուլում բոլորը տվել են այլ ցուցմունք, շատ մարդիկ կարող են նաև սուտ ցուցմունքներ տան՝ խուսափելու պատասխանատվությունից. Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց մեղադրյալ Մառլեն Սարգսյանը, ով եղել է ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը։
«Ես դեպքի հետ առնչություն չեմ ունեցել, ես մինչև գնացել, հասել եմ դեպքի վայր, անգամ չեմ կարողացել մոտենալ շենքին»,-ասաց Մ. Սարգսյանը։
Նա նշեց, որ Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարան այցելել է մեկ անգամ. «Ոչ թե այցելել եմ ինչ-որ կարգադրություն կատարելու, այլ ուղղակի այդ ճանապարհով անցել եմ, տեսել եմ զինվորականներ, կանգնել եմ, իմացել եմ, որ վաշտ է գտնվում։ Ծանրաբեռնվածություն այնքան շատ է եղել, որ անգամ ժամանակ է եղել մինչև ժամը 2-ը մնացել եմ, մարդկանց համար լույս ենք ապահովել, քանի որ ընդհանուր զորամասը ցրված է Վարդենիսի տարածքով մեկ։ Ոչ մի տեղ լիարժեք չէր համապատասխանում զինվորի բնակվելու համար»։
Հանրային մեղադրողի հարցին՝ չի՞ նկատել, որ այդ կացարանը ջեռուցվում է վառարանի միջոցով, Մ. Սարգսյանն ասաց. «Ես ներս չեմ մտել»։ Չի հիշում՝ դրսում վառելափայտ նկատել է, թե ոչ։
Հարցին՝ չի՞ նկատել, որ անձնակազմը երբևէ հակահրդեհային միջոցներ չի ստացել, նա ասաց. «Չեմ նկատել, քանի որ չեն էլ դիմել այդ հարցով, մտածել եմ՝ դրա կարիքը չունեն»։
Մեղադրողն ասաց, որ քրեական գործում տեղեկատվություն կա, որ Սարգսյանը վաշտում եղել է, վառարանն էլ տեսել է, նաև տեսել է, որ հակահրդեհային միջոցներ չկան, Սարգսյանն ասաց. «Շատ մարդիկ կարող են նաև սուտ ցուցմունքներ տալ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։ Ես այն անձերից չեմ, որ խուսափեմ պատասխանատվությունից։ Ես ասում եմ այն, ինչ կա, փաստացի ես չեմ եղել։ 8 տարի ընդմիջումից հետո նոր նշանակված եմ եղել»։
Դատական նիստի ընթացքում դատարանում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Տուժածների իրավահաջորդները տեղից արձագանքում են Սարգսյանի հայտարարություններին, դատավորը կոչ է անում լռություն պահպանել։
Մեղադրողը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ի վնաս իրեն ցուցմունք են տվել, ի՞նչ շարժառիթ են ունեցել, նա պատասխանեց. «Չգիտես ինչու նախաքննության փուլում բոլորը տվել են այլ ցուցմունք, բայց երբ որ եղել է առերեսում, հրաժարվել են նախնական տված ցուցմունքից»։
Ի պատասխան հարցերի՝ նա ասաց, որ ինքն 8 տարի բանակի հետ բացարձակ կապ չի ունեցել, նշանակվելուց առաջ էլ վերապատարստում չի անցել։ Մեղադրողի հարցին՝ այն կարծի՞քն է, որ այդ պաշտոնը զբաղեցնելու որակավորում չի ունեցել ունեցել, Մ.Սարգսյանն ասաց. «Միանշանակ»։
«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել»,- հարցրեց մեղադրողը։
«Միջոցները ես չեմ ձեռնարկում, միջոցներ պետք է ապահովի նա, ով ինձ այդ պաշտոնին նշանակել է»,- ասաց մեղադրյալը։
«Ակնհայտորեն նշում եք՝ գիտակցել ու հասկացել եք, որ չեք կարողանում իրականացնել ձեր ֆունկցիան, պարտականությունները, այնուամենայնիվ շարունակել եք ծառայությունն այդ պաշտոնում»,- ասաց հանրային մեղադրողը։
Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ես մեղավոր չեմ, որ ինձ ուղարկել են զորամաս, այդ պաշտոնն ընդունել եմ, ու ինձ մոռացել են, դրանից հետո հավելյալ պարտականություն են ինձ կպցրել, տարել են կալանավորելու»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Մառլեն Խաչիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր լինելով իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիճման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիճման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացում: Սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։