Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանում Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է լրացուցիչ փաստեր, որոնք հաստատում են Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը
ՀՀ վարչական դատարանում ապրիլի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատական նիստը, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը: Նիստը վերաբերում էր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան սեփականության իրավունքին:
Գրողների միությունից հայտնում են, որ դատական նիստը դարձյալ տեղի է ունեցել առանց ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության, որը չի մասնակցել որևէ նիստի: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, որը ներկայացրել է գործի ներկա վիճակը:
Ելույթ է ունեցել ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը՝ խոսելով տարիներ շարունակ ստեղծագործական տան գործունեության մասին և հիմնավորելով ՀԳՄ սեփականության իրավունքը:
ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը ներկայացրել է իր դիտարկումները՝ փորձելով վիճարկել ՀԳՄ սեփականության իրավունքը, կասկածի տակ դնելով Հայաստանի գրողների միության՝ որպես Խորհրդային տարիներին գործող, 1934 թ.-ից գոյություն ունեցող Հայաստանի գրողների միության իրավահաջորդ և համարելով նրա գույքը՝ պետական սեփականություն:
ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ, ներկայացրել է փաստեր ու ՀԳՄ սեփականության իրավունքը հաստատող հիմնավորումներ, որոնք ներկայացվել էին դատարանին:
Ելույթ է ունեցել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ներկայացնելով լրացուցիչ փաստեր, որոնք հաստատում էին Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը՝ ինչպես ՀԳՄ շենքի, նույնպես և նրա Ծաղկաձորի ու Սևանի ստեղծագործական տների նկատմամբ: Նա փաստել է, որ 1993թ.-ի կանոնադրության մեջ նշված է Գրողների միության առկա նույն գույքերի մասին, որը հաստատում է իրավահաջորդությունը: Նույն նախագահն ու նույն անդամներն են շարունակել Հայաստանի գրողների միության գործունեությունը, որը իրավահաջորդության կասկածի տեղիք չի տալիս:
Դատավորը՝ լսելով կողմերին և ամփոփելով երկու կողմերի կարծիքները՝ առաջարկել էց հետաձգել գործի քննությունը և այդ ընթացքում ներկայացնել նրան առնչվող նոր փաստաթղթեր ու ապացույցներ: Նա նշել է նաև, որ կքննարկվի դատաքննության մեջ վկաների ներգրավման հարցը:
Հաջորդ նիստը կկայանա ս/թ սեպտեմբերի 23-ին: