Ցեղասպանության առումով մենք միտված ենք դեպի անցյալ, հրեաների մոտ՝ դեպի ապագայի տեսլական և ուժը. Արթուր Պարոնյան
Քաղաքական
15:17 22/04/2026
Հայաստան

Ցեղասպանության առումով մենք միտված ենք դեպի անցյալ, հրեաների մոտ՝ դեպի ապագայի տեսլական և ուժը. Արթուր Պարոնյան

«6 ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման ժամանակ հարցին, թե ինչքանով է հարցվողի համար կարևոր Ցեղասպանության հիշատակը՝ 95 %-ի համար այն կարևոր կամ շատ կարևոր է»,-«Այլընտրանքային նախագծեր» խմբի հրավիրած քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը՝ նշելով, որ այն պատմական հիշողության և ազգային ինքնության հիմքն է։

Ներկայացնելով հաջորդ հարցը՝ Պարոնյանը տեղեկացրեց, որ հարցվածների 85%-ի մոտ կարևոր է Արարատ սարի սիմվոլը։

«Ցեղասպանության զոհի գիտակցումը կա մեր և հրեաների մոտ, բայց մեր դասն ուղղված է դեպի անցյալ, պահանջում ենք, որ ընդունեն ցեղասպանությունը, իսկ հրեաների մոտ ձևակերպումն այլ է. «Մեզ սպանեցին, բայց մենք մնացինք և մենք պետք է անենք ամեն ինչ, որ դա չկրկնվի»»,-ասաց Պարոնյանը։

Սոցիոլոգը նշեց, որ հայկական պետությունը չի մասնակցել պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորմանը, այլ ուղղակի կարելով միացրել է այն, ինչը որ եղել է տարբեր տեղերում և հավելեց, որ հրեաների մոտ այդ արժեքները և հիշողությունը ստեղծել է պետությոնը, նա է տերը այդ ամենի՝ այն ամրացնելով բանակին, կրթությանը և արժեքային համակարգին։

«Ցեղասպանության առումով մենք միտված ենք դեպի անցյալ, դեպի բարոյականություն և արդարություն, հրեաների մոտ՝ դեպի ապագայի տեսլական և ուժը։ Ասում են՝ մենք պարտավոր ենք պաշտպանվել և սա բերում է մոբիլիզացիայի»,-ասաց սոցիոլոգը։

Նրա խոսքով՝ վրացիների մոտ ինքնության մարմնավորումը պետությունն է, հայերի մոտ մշակույթը, նրանց համար սիմվոլը թագավորն է, իսկ հայերի մոտ՝ եկեղեցին։

Ըստ Պորնյանի՝ հայերիս համար ինքնությունը պհպանելու համար պետություն պետք չէ, իսկ վրացիների մոտ պետությունն է առաջինը։

Սոցիոլոգը նաև նշեց, որ ադրբեջանցիների պատմական հիշողությունը Արցախի կորստի միֆն է։

Արթուր Պարոնյանը նշեց, որ գործող իշխանությունը փորձում է կոտրել հայի պատմական հիշողության և ինքնության սիմվոլները՝ Ցեղասպանության հուշարձանը, դասագրքերը, եկեղեցին, բայց հաջողության չեն կարող հասնել, որովհետև բնակչության 95%-ի համար կարևոր է ցեղասպանությունը, իսկ ինքնությունը մարմնավորվում է եկեղեցու հետ։

Տեսանութը՝ ավելի ուշ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder